Home / Հայաստան / 1in.am-ը պնդում է, որ ուղղել է սխալը․ «Հետքը» պահանջը հստակեցնելու ժամանակ է խնդրել

1in.am-ը պնդում է, որ ուղղել է սխալը․ «Հետքը» պահանջը հստակեցնելու ժամանակ է խնդրել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հետք»-ն (hetq.am) ընդդեմ «Առաջին լրատվական»-ի (1in.am) գործով դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը ներկայացնող Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ կայքը ուղղել է սխալը և պատշաճ հղում է դրել հոդվածներում։ Այս մասին Epress.am-ին դատարանիցի հայտնել է «Հետքի» փաստաբան և թղթակից Գրիշա Բալասանյանը։

«Հետքը» պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, հեռացնել նյութերը կայքից և որպես փոխհատուցում վճարել 200 հազար դրամ: Ըստ հայցի՝ 1in.am-ը հեղինակային իրավունքը խախտել է «Հետքի» 8 նյութեր հրապարակելով։ Ընդ որում՝ դրանք եղել են հետաքննական նյութեր, որոնցում արտատպողը չի դրել ակտիվ հղում, չի նշել «Հետքի» անունը վերնագրում, ինչպես պահանջում է օրենքը, և արտատպել է նյութը գրեթե ամբողջությամբ։

Դատարանում Գրիշա Բալասանյանը խնդրել է ժամանակ տալ, որպեսզի ինքը տեսնի՝ արդյոք առցանց փոփոխություններն արվել են և արդյոք համապատասխանում են օրենքին, ինչից հետո «Հետքը» կհստակեցնի պահանջը։

Հիշեցնենք, ու հեղինակային իրավունքը խախտելու համար 1in.am-ի դեմ քաղաքացիական հայց է բերել նաև գրող Արփի Ոսկանյանը։ Վերջինս իր հայցում նշել էր, որ 1in.am կայքը «Հայկական ժամանակ» օրաթերթից արտատպել էր իր հեղինակած քաղաքական հանելուկներից մեկն առանց հեղինակի հետ նախապես համաձայնեցնելու։ Հանելուկը ներկայացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկարով։ Կայքը նաև հայտարարել էր նույն հանելուկի բառերով երգի մրցույթ՝ խոստանալով հաղթողին 1500 դոլար մրցանակ։