Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական հենակետում հուլիսի 18-ին սպանված 20-ամյա Գևորգ Ավագյանը 5 ամիս անց պետք է ավարտեր ծառայությունը և տուն վերադառնար։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չեն հերքել այն լուրերը, թե ծառայակիցը զենքի ամբողջ փամփշտատուփը դատարկել են Գևորգի վրա։
Զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 6 ամսվա զինծառայող, 19-ամյա շարքային Արմեն Սարգսյանը։ Քրեական գործը հարուցված է դիտավորյալ սպանության հոդվածի հատկանիշներով, ինչի համար նախատեսված է մինչև 15 տարվա ազատազրկում։
Դեպքը, ըստ նախնական տեղեկատվության, տեղի է ունեցել պահակակետում հուլիսի 18-ին, գիշերային հերթապահությունից հետո: Վարկածներից մեկի համաձայն, Արմեն Սարգսյանը քնած է եղել, ծառայակիցը փորձել է նրան արթնացնել ու դիտողություն անել հերթապահության ժամանակ քնելու համար: Սկսվել է վիճաբանություն, Արմեն Սարգսյանը զենքը պարզել ու ամբողջը կրակել է։
«Ազատությունը» նշում է, որ սպանված Գևորգ Ավագյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է։ Գյուղապետը Հայկ Հովհաննիսյանը, ով նաև ազգակցական կապերի մեջ է Ավագյանների ընտանիքի հետ, ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Գևորգը բանակում որևէ խնդիր երբևէ չի ունեցել. «Բոլորը գոհ են եղել իրենից, ինքն էլ` նրանցից։ Մայրը երեկ հազար անգամ ասեց, որ հրամանատարներից միշտ շնորհակալ է եղել երեխեն, որ այդքան լավ հրամանատարներ են, այդքան լավ տեղ է։ Ես չեմ հասկանում ինչ է եղել պատճառը, որ երեխեն էդպես եղավ»։
Գևորգ Ավագյանի սպանության մեջ կասկածվող Արմեն Սարգսյանը Ալավերդու շրջանից է` Սանահինից։ Նրա հայրը Հրաչյա Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ որդին ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Նա խիստ վրդովված պատմեց, որ իր տղան երրորդ կարգի հաշմանդամ է: Սրտի անբավարարությամբ, ճարպակալությամբ, ոտքերի հարթաթաթությամբ ոչ միայն բանակ են զորակոչել, այլև տարել են մարտական դիրքեր: Նյարդային խնդիրների մասին հայրը գերադասել է չխոսել, ասաց՝ չեն ստուգել, գուցե, բանակում Արմենը դա է՞լ է ձեռք բերել։
Կասկածյալի ընտանիքի համոզմամբ` որդուն վիրավորանքներով են դրդել նման քայլի. «Երեխեն խրամատում նստած, նոր զինվոր, առաջին անգամ պոստերում, գիշերը հերթապահություն, հերթապահությունից լարված վիճակ: Ցերեկը որ լուսանում է, երևի էդ լարվածությունը թողում է, մի քիչ հանգստանում է, կողքից է լարվածություն սկսվում։ Էնքան դավադիտ են արել, երեխես … 92 պատրոն մարդու վրա կրակելը դա ի՞նչ է նշանակում… ոչ մարդկային արարք է արել իմ երեխեն… Վարկածը մնում է, որ վեր են կացրել, ամեն ինչ ասել են, հայհոյանքներ, որ մարդու սրտին է կպչում, երկրորդ անգամ են ասել… Մի երկու անգամ, որ՝ էլ քո մերն, էլ քո էսն, էլ քո էնը՝ էդքան բանից հետո է էդքան կրակոցները եղել։ Բանակում արդեն դառել է տրադիցիա, որ անպայման պիտի սալդատը սալդատին մեր ասի… դրանից ոչ մեկը չի զարմանում»։
Հայրը չբացառեց, որ Արմեն Սարգսյանից ու Գևորգ Ավագյանից բացի, այլ մարդիկ էլ են այդ պահին եղել խրամատում. «Մեկ ասում են երեքով են եղել… հետո ասում են մենակ է եղել [Գևորգ Ավագյանը]… ես չգիտեմ»:
Նա կատարվածի համար պատասխանատու է համարում նաև հաշմանդամ պատանուն առաջին գիծ տանողներին. «Երեք անգամ էլ Ղարաբաղում են իմ երեխու համար կամիսիա անցկացրել… Հատուկ իմ երեխու համար երեք անգամ կամիսիա են անցկացրել… Ցույց է տվել, որ ինքը պիտի լինի թիկունքի ծառայող, ոչ թե առաջին գծի ծառայող, զինգրքույկում գրված է՝ ոչ շարային, իսկ ես էդքան ուժ չունեմ, որ գնամ պետության դեմ կռիվ… Եթե գրված է ոչ շարային, ինքը ո'չ շարային պիտի քայլի, ո'չ դիրքերում պիտի լինի, որովհետև երկար կանգնել իրեն չի կարելի: Ինքը պիտի լինի թիկունքի ծառայող, ճաշարան, նման տեղեր…. Եթե նման գործեր կա բանակում, ի՞նչ պարտադիր է, որ հիվանդը դիրքերում լինի, առողջը` ճաշարանում»։
Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ կնշանակվի փորձաքննություն և կպարզվի, թե արդյո՞ք Արմեն Սարգսյանին դիրքեր ուղարկել են օրենքի խախտմամբ և արդյո՞ք նա նման արարք կատարել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում