Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, փոխանցում է azatutyun.am-ը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման հույս հայտնելով՝ Հեֆերնը նաև փոխանցել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին վերստին հանձնարարել է ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք այդ նոր հանձնարարությունը նշանակում է հանդես գալ նո՛ր նախաձեռնությամբ, կարգավորման նո՛ր նախագծով:
«Մենք շարունակելու ենք կողմերին հորդորել, որպեսզի հնարավորինս հաճախ հանդիպումներ ունենան, հարցերը միասին քննության առնեն: Մենք հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահները կհանդիպեն: Չեմ կանխատեսում, որ այդ հանդիպման ընթացքում «ճեղքում» կգրանցվի, սակայն հանդիպումները կարևոր են, երկխոսությունը էական է՝ այս հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու համար», – ասել է Հեֆերնը:
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ այս առումով ուշագրավ է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի օրերս արված հայտարարությունը, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ստեփանակերտի համար: