հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Եզդիական ՀԿ-ի ղեկավարը դժգոհ է պետության մոտեցումից, գործնական քայլեր է ակնկալում

Եզդիական ՀԿ-ի ղեկավարը դժգոհ է պետության մոտեցումից, գործնական քայլեր է ակնկալում

Հայաստանի եզդիական համայնքը բավարարված չէ ՀՀ ԱԳՆ-ի` Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները դատապարտող հայտարարությամբ և գործնական քայլեր է ակնկալում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում գործող «Միդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը։

Հիշեցնենք, որ եզդիական չորս կազմակերպություններ ՀՀ ԱԳՆ-ին կոչ էին արել ՄԱԿ-ում բարձրացնել Իրաքում եզդիների ցեղասպանության հարցը։ Շարոյանի խոսքով՝ եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտելուց բացի, Հայաստան պետությունը պետք է նաև մտածի հումանիտար օգնություն ուղարկելու, եզդի փախստականներին ընդունելու մասին։

«ՀՀ սահմանադրության համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Կառավարության մոտ բողոքի ցույց էին անում ամսի 14-ին, իսկ ՀՀ վարչապետը չեկավ մեզ հանդիպելու։ Ժողովուրդը վրդովվել էր, ես հազիվ հանգստացրի կրքերը»,- ասել է Շարոյանը։

Նրա խոսքով՝ եզդիները և հայերը ավելի քան 1000 տարի միահյուսված ճակատագիր ունեն, անցել են նաև Սարդարապատի պատերազմը և Լեռնային Ղարաբաղի ազատագրման պատերազմը միասին, ուստի հիմա՝ երբ այդ երկու եղբայր ժողովուրդներից մեկը դժբախտության մեջ է, մյուսը, հատկապես եթե ունի պետություն, պետք է սատար կանգնի եղբորը։

«Այո, մեր երկրի վիճակը հիանալի չէ, սակայն ես համոզված եմ, որ հնարավոր է օգնության ձեռք մեկնել ցեղասպանության շեմին կանգնած մեր եղբայրներին։ Պետությունը չգիտեմ, բայց ես համոզված եմ, որ հայերը և եզդիները միասին իրենց տներն էլ կտրամադրեն փախստականներին օթևան տալու համար»,-ասել է Շարոյանը։

Նա նշել է, որ Իրաքից եզդի փաստականներն արդեն ընդունվում են Վրաստանի կողմից, իսկ Հայաստանը դեռ այդպիսի պատրաստակամության մասին հայտարարություն չի արել։

Ըստ «Միդիա-Շանգալ» ՀԿ նախագահի՝ կազմակերպությունը կապի մեջ է Իրաք մեկնած եզդիական պատվիրակության հետ և կարող է սեփական միջոցներով ընդունել փաստականների։

«Եթե հազարավոր կիլոմետրեր հեռու, օրինակ, Ավստրալիայից մարդիկ գալիս են օգնելու, մենք՝ որպես եղբայր պետություն, պարտավոր ենք օգնել»,- ասել է Ամո Շարոյանը։ 

Լուսանկարը՝ advocates.am