Home / Տեսանյութեր / Հաշմանդամության կարգ սահմանելու համար 25-ից 80 հազար դրամ են պահանջում․ հետազոտություն

Հաշմանդամության կարգ սահմանելու համար 25-ից 80 հազար դրամ են պահանջում․ հետազոտություն

Հաշմանդամության ճանաչման գործընթացին մասնակցած մի խումբ մարդիկ ահազանգում են, որ հաշմանդամության կարգ նշանակելու կամ կարգը փոխելու համար իրենցից գումար են պահանջել։ Այս մասին հայտնի է դարձել «Լիարժեք կյանք» ՀԿ-ի անցկացրած մոնիթորինգի ընթացքում։

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մատուցած ծառայությունների որակի մասին հետազոտության արդյունքները ներկայացնելով` ՀԿ-ի հանրային հարաբերութությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանն ասել է, որ, ըստ Exit Poll-ի հարցումների, հարցվածների 20%-ը հայտնել է, որ հաշմանդամության կարգը փոխելու համար իրենցից պահանջել են 25-ից 80 հազար դրամ։

«Այժմ հաշմանդամության ճանաչման գործընթացում կա 20% կոռուպցիոն ռիսկ՝ նախկին 47-50%-ի փոխարեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը։

Նրա խոսքով՝ կոռուպցիայի հիմնական պատճառն այն է, որ պետությունն է իրականացնում ոլորտում և քաղաքականության մշակումը, և իրականացումը, և մոնիտորինգը։

Հարցումներ անցկացվել են Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի բժշկական հաստատություններում։ Զեկույցի հեղինակները պատմել են, որ այդ տարածքների 50 տոկոսում պայմանները հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար, մասնավորապես, հաճախ բացակայել են թեքահարթակները։ Գրեթե բոլոր հաստատություններում զուգարանները հարմարեցված չեն եղել սակավաշարժ մարդկանց համար ևս։

Այս խնդիրը, ըստ Մաղաքյանի, ցույց է տալիս պետության վերաբերմունքը սակավաշարժ մարդկանց և նրանց՝ հասարակություն ինտեգրվելուն։ «Երկու տարի առաջ էլ Սպիտակի մշակույթի տան մոտ կար թեքահարթակ, սակայն այժմ այն քանդել են՝ պատճառաբանելով, թե խանգարում է կենտրոնի գործունեությանը»,- ասել է նա։

Փորձաքննությանը մասնակցած անձանց մոտ մեծ է եղել անիրազեկություն այն մասին, որ կարող են բողոքարկել կարգի նշանակման մասին որոշումը։ Հարցվածների մոտ 93%-ը տեղյակ չի եղել նման հնարավորություն ունենալու մասին։