Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրը բաց եղանակով շահագործել ցանկացող «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն պնդում է, որ հանքի շահագործման արդյունքում պոչամբար չի լինելու։ Այս մասին հանքի շահագործման առնչությամբ կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարել է նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը։
«Պոչամբար չի լինելու: Մենք պոչերը պահում ենք, հավաքում ենք և հետագայում վերամշակելու ենք: Ձեռնարկությունն ուզում է իր պոչերը հետագայում օգտագործի… գնում են նրան, որ կոմպլեքս օգտագործեն այս բոլոր եղածը», – ասել է Նիկողոսյանը։
Հանրային լսումների ընթացքում բնապահպան Հակոբ Սանասարյանը հերքել է Նիկողոսյանի հայտարարությունը՝ պնդելով, որ հանքանյութը հատելուց, տարրալվացում անելուց հետո, ստացվում է ոսկի, սակայն մնացած թափոնները մնում են։
Ըստ բնապահպանի՝ հանքարդյունաբերողը թողնելու է միայն 64 միլիոն տոննա մակաբացման ապար, ինչի համար պետք է հարկ վճարել։
«ՀՀ-ում կա օրենք, որով հանքային թափոնները չպիտի հարկային դաշտից հանվեն։ Միայն մակաբացման ապարների համար ընկերությունը պետք է պետբյուջե վճարեր 800 միլիոն դոլար»,- ասել է Հակոբ Սանասարյանը՝ նկատելով, որ պետությանը որևէ տնտեսական օգուտ հանքավայրը չի բերելու։
Անդրադառնալով բնապահպանական ռիսկերին՝ Սանասարյանը նշել է, որ հանքավայրում կա ցրված ուրան, որը կա նաև ապարներում, իսկ այդ պարագայում հանքը շահագործելու հետևանքով այլևս հնարավոր չի լինի հարակից գյուղերում զբաղվել գյուղատնտեսությամբ։
«Զինվորով չեն սահմանները պահվում, այստեղի բնակչությունը (հանքավայրը գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ – խմբ․) չի կարող այլևս ապրել ու գյուղատնտեսական գործունեություն վարել»,-ասել է Հակոբ Սանասարյանը։
Ըստ բնապահպանի՝ հանքից հետո մարդիկ չեն կարող ապրել ոչ միայն Տաշտունի համայնքում, այլև Քաջարանում և Կապանում։
Հանրային լսումների մասին տեսանյութը հրապարակել է ecolur.org կայքը