Home / Հայաստան / Դասախոսների բողոքից հետո վարչապետը հանձնարարել է լուծել համատեղությամբ աշխատողների սոցվճարների հարցը

Դասախոսների բողոքից հետո վարչապետը հանձնարարել է լուծել համատեղությամբ աշխատողների սոցվճարների հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում` սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու հնարավորություն տալով նաև այն անձանց, ովքեր համատեղությամբ աշխատում են բուհում և ոչ պետական կազմակերպությունում։ Այս մասին Աբրահամյանը հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ։

Ավելի վաղ մի խումբ դասախոսներ վարչապետին ուղղած բաց նամակում հայտնել էին, որ ստիպված կլինեն հեռանալ բուհից, եթե բուհում աշխատելու պատճառով իրենցից սոցվճարներ պահվեն նաև այլ՝ մասնավոր աշխատավայրում։

«Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաև, փաստորեն, որոշակի գումար», – մասնավորապես, նշել էին նամակի հեղինակները:

Իրավաբան Մերի Խաչատրյանն ավելի վաղ Epress.am-ին ասել էր, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատողներից սոցվճարները գանձվում են Ֆինանսների նախարարության կողմից առանց որևէ իրավական հիմքի։ Խաչատրյանի խոսքով՝ ընդունված օրենքի 81-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր չեն կարող հրաժարվել սոցվճարներից, և դրանց մեջ չի մտնում պետական և մասնավոր հատվածներում համատեղության կարգով աշխատողները։