Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին պարտությամբ սկսեց Եվրո-2016-ի ընտրական փուլը։ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հայաստանցիները զիջեցին Դանիայի ընտրանուն 1։2 հաշվով, թեև առաջին բացեցին հաշիվը։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով Դանիայի հավաքականի մասին հարցին, նշեց, որ մրցակիցը վախեցած էր։ Այդ խոսքերը հստակ բնորոշում են դանիացիների հոգեվիճակը․ հիշելով անցյալ տարի 0։4 հաշվով կրած պարտությունը՝ Մորտեն Օլսենի թիմը չափից դուրս զգուշավոր էր գործում։ Դանիացիները թեև առաջին համարով էին խաղում, բայց գնդակը կորցնելու պես շատ արագ էին նահանջում, ինչպես նաև զերծ էին մնում ամբողջ թիմով գրոհելուց՝ հետևում 3-4 ֆուտբոլիստներ պահելով։ Հատուկ ուշադրության էր արժանացել Հենրիխ Մխիթարյանը՝ նրան առնվազն 2 ֆուտբոլիստներ էին դիմավորում ու մշտապես փորձում էին գցել՝ գրոհների զարգացումը թույլ չտալու համար։
Խաղի ընթացքում հստակ տպավորություն կար, որ եթե դանիացիներն ավելի համարձակ գործեն առջևում, ավելի լուրջ ճնշում գործադրեն, Հայաստանի հավաքականը երկար չի դիմանա։ Սակայն Օլսենն իր նկատառումներն ուներ․ նա փորձում է նոր թիմ ստեղծել՝ ներգրավելով երիտասարդների, ու մեկնարկային խաղում դանիացիների մարզչի համար կարևորն արդյունքն էր։
Ինչևէ, բազմաթիվ կարդային խնդիրներով հանդիպմանը մոտեցած հայաստանցիները դիմադրեցին առաջին խաղակեսում, իսկ երկրորդի մեկնարկում, շնորհիվ Մխիթարյանի հիանալի գործողությունների, բացեցին հաշիվը։ Հենրիխը գոլի դրվագում ամեն ինչ բարձրակարգ վարպետի նման արեց, ով անձնական պատասխանատվություն է զգում մի ամբողջ թիմի համար։ Նա, կենտրոնում գնդակը ստանալով, տեղաշարժվեց դեպի ձախ և ճիշտ ժամանակին մրցակցի ֆուտբոլիստի ոտքի տակով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։
Դրանից հետո Դանիան ստիպված էր ուժեղացնել ճնշումը, ու այդ ժամանակ էլ ի հայտ եկան մեր հավաքականի ակնհայտ թույլ կողմերը՝ առաջին հերթին, գործողությունները պաշտպանությունում։ Դանիացիները թարմ ֆուտբոլիստներով ուժեղացրեցին խաղը, Հայաստանի հավաքականի մարզիչ Բերնար Շալանդը շարունակեց նույն մարտավարությամբ գործել, մինչդեռ կարելի էր ակնկալել արագաշարժ Սաևկիսովի խաղադաշտ դուրս գալը, ով, գուցե, կկարողանար ազատ գոտիները օգտագործել։ Փոխարենը դանիացիները հավասարեցրեցին հաշիվը, ապա վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեցին Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Մխիթարյանն ու Ռոբերտ Արզումանյանը։ Դրանից հետո Դանիան պարզապես չէր կարող կորցնել իր հնարավորությունը։ Հաղթական գնդակը խփեց Թոմաս Կալենբերգը, ով, չնայած տուգանային հրապարակում շրջապատված էր հայաստանցիների պաշտպաններով, սակայն հանգիստ ցատկեց ու գլխով ուժեղ հարված կատարեց։ Ռոման Բերեզովսկին դրվագում անհաջող գործեց, նա կարող էր փրկել մեր թիմին, սակայն միայն դիպավ գնդակին, ու նրա ձեռքից էլ այն հայտնվեց դարպասում։
Նույն խմբում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտություն կրեց Ալբանիայի ընտրանուց 0։1 հաշվով։
Սա էլ ավելի է խճճում վիճակը խմբում․ արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի ընտրանու համար անցողիկ խաղեր չեն կարող լինել։ Մնում է հուսալ, որ հաջորդ հանդիպմանը կկարողանա խաղալ հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը, որովհետև առանց առաջ քաշված հարձակվողի խաղը, որը կիրառվեց Դանիայում, մեր թիմի համար բացարձակապես հեռանկարային չէ։ Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Սերբիայի ընտրանուն։