ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր աջակիցներին հանդիպել էր Ազատության հրապարակում։ Երեկ Հայրիկյանը սկսել է ավելի վաղ խոստացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հացադուլը, ու այսօրվա հավաքի ընթացքում Հայրիկյանը շտկում մտցրեց իր ծրագրի մեջ՝ ընդգծելով, որ իր հացադուլը հրաժարականի հորդոր է պարունակում։ Բացի դա, նա ձայն տվեց այն մարդկանց, ովքեր իրեն կոչ էին անում չգնալ հացադուլի։
Հանրահավաքի ընթացքում Հայրիկյանը մի քանի անգամ նշեց, որ հավաքվածների փոքրաթիվ լինելը (մոտ 30 մարդ) խնդիր չէ իր համար, որովհետև ինքն էլ ավելի քիչ թվով համակիրներ է ունեցել 1969 և 1973 թվականներին, երբ պայքարում էր Խորհրդային կայսրության դեմ, ինչպես նաև 1987-ին, երբ ստեղծում էր ԱԻՄ-ը, բայց կարողացել է հաջողությամբ պսակել իր պայքարը։
Ինչ վերաբերում է հացադուլին, ապա քաղաքական գործչին այդ քայլից ցանկանում էին հետ պահել «Նախախորհրդարանի» անդամներ Գագիկ Սարուխանյանն ու Տիգրան Խզմալյանը։ Առաջինը վստահեցրեց, որ Հայրիկյանը միևնույն է հաղթանակի է հասնում յուրաքանչյուր տեղ, և հացադուլը ծայրահեղ քայլ է, որը կարող է վնասել Հայրիկյանի առողջությանը։ Վերջինս, սակայն, պնդեց, որ եթե մարդը չունի լուրջ առողջական խնդիրներ, ապա հացադուլը նրան չի կարող վնասել ու ինքը հաստատակամ է իր որոշումն իրականացնելու գործում։
Տիգրան Խզմալյանը մի շարք քաղաքական պատճառներ ներկայացրեց՝ նշելով, որ խորհրդային այլախոհ, իրավապաշտպան Անդրեյ Սախարովի հետ շփված, մի սեղանի շուրջ նստած մարդը չպետք է առնչություն ունենա Սերժ Սարգսյանի նման մեկի հետ։
Ըստ Խզմալյանի՝ վերջինիցս հրաժարական պահանջելը սխալ է, քանի որ նախագահի պաշտոնին նշանակված, ՄՄ-ին անդամագրվելու մասին հայտարարած Սերժ Սարգսյանը պետական դավաճանություն է գործել, իսկ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետական դավաճանություն գործած նախագահը պաշտոնանկ է արվում։
Խզմալյանի ելույթից հետո Հայրիկյանն ընթերցեց իր նոր հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում էր, որ «որպես տասնամյակներ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ բարոյական իրավունք ունեմ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց չեմ շահարկում իմ այդ բացառիկ կարգավիճակը»։
«Ես և իմ ընկերներն ինչպես անցյալում՝ բանտերում, այդպես էլ այսօր հրապարակներում աշխատում ենք հանուն ազգօգուտ գաղափարների ու ճշմարտության։ Նախագահի հրաժարականը պահանջելու՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ իրավունք ունի միայն ժողովուրդը։ Ես ընդամենը հորդորում եմ։ Հորդորում եմ, սակայն հայտնի պատճառներով հորդորս ուղեկցում եմ սկսածս բողոքի հացադուլով», – հայտարարության մեջ նշել է Հայրիկյանը։
Նա նաև ասել է, որ Խաչվերաց տոնին նախորդող պահքի շրջանում ինքը քաղաքական հացադուլ հայտարարելով՝ փորձում է ընդգծել հարցի կարևորությունը։
«Միաժամանակ աղոթելու եմ մեր հայրերի կերտած սրբավայրերում, որ Աստված չպատժի մեր ժողովրդին այսպիսի ղեկավարների սխալների համար, ներողամիտ լինի մեր հանդեպ և այդ ղեկավարներին (մեզ բոլորիս) տա այն ամենը, ինչը բացակայում է մեզ մոտ։
Բողոք-հացադուլը սկսել եմ սեպտեմբերի 7-ին ժամը 18։00-ին և այն կշարունակեմ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և հայկական ավանդույթներին»։
Թե որոնք են այդ ավանդույթները, Հայրիկյանը խոստացել է պարզաբանել սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրահավաքի ընթացքում, որից հետո իր աջակիցների խմբով շարժվեց դեպի նախագահական նստավայր՝ հայտարարության տեքստը հանձնելու։