Home / Հայաստան / Ամենահայտնի հայ այլախոհին ծաղրելու լավագույն ժամանակը

Ամենահայտնի հայ այլախոհին ծաղրելու լավագույն ժամանակը

Պարույր Հայրիկյանը, ով 17 տարի խորհրդային գաղութներում ու մեկուսարաններում է անցկացրել, հացադուլ է հայտարարել։ Մամուլում, անգամ ընդդիմադիր ու շատ ընդդիմադիր, քաղաքական գործչի այս քայլին արձագանքել են մի շարք ծաղրական հոդվածներով։ Բլոգերներն ու լրագրողները, ազգայնական ակտիվիստներն ու արևմտամետները, ղազախստանակենտրոն գործիչները, արվեստագետներն ու իրավապաշտպանները սոցցանցերում մրցույթ են կազմակերպել, թե ով ամենածիծաղելի գրառումը կանի Հայրիկյանի մասին։ Նախագահական ընտրությունների ընթացքում մահափորձի ենթարկված քաղաքական գործչի հասցեին մյուսներից ավելի հաճախ սրամտում են ընդդիմադիր ակցիաների ու հավաքների մշտական մասնակիցները։

Եվրոպամետ քաղաքական գործչին ծաղրելու առիթներից մեկը նրա կազմակերպած միջոցառումների մասնակիցների փոքր թիվն է։ Ստացվում է` ուկրաինական ճգնաժամի ֆոնին Հայաստանում գեորգևյան ժապավեններով ավտոշքերթ անցկացնելը նորմալ է, իսկ Եվրամիության դրոշներով երեսուն մարդը Երևանի Ազատության հրապարակում՝ ծիծաղելի։ Իսկ քանի՞ մարդ է գնում տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում խոշտանգված ու սպանված զինվորների մայրերի ակցիաներին։ Իսկ երիտասարդ եզդիների՝ պատգամավորի ռասիստական արտահայտությունների դեմ բողոքի ցույցի՞ն։ Գնում է այնքան մարդ, որ քննիչն իրեն թույլ է տալիս որդիներին կորցրած կանանց վրա բղավել՝ «ռադներդ քաշեք, պոռնիկներ», այնքան մարդ, որ անասուն պատգամավորը կարողանում է պահպանել իր մանդատը։

Պարույր Հայրիկյանին ու նրա համախոհներին խորհրդային իշխանությունները սկսեցին հետապնդել ու նստեցնել 60-ական թվականների երկրորդ կեսին, երբ Հայաստանի անկախության համար պայքարը սկսեցին տեղավորել ազգայնական ուղղության մեջ․ բազմահազարանոց հանրահավաքները վերածեցին ամենամյա ուխտագնացության դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Դա քիչ էր ու հազվադեպ։ Այն ժամանակ անկախության համար պայքարողների համար կառուցեցին ԽՍՀՄ-ում ամենամեծ ստադիոններից մեկը՝ «Հրազդանը», իսկ ավելի ուշ թույլ տվեցին, որպեսզի ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության հաղթող ճանաչվի ու գավաթը նվաճի «Արարատ» (լեռ Թուրքիայի տարածքում) անվանումն ունեցող թիմը։

«Արարատի» հաղթանակների տարում Պարույր Հայրիկյանը վերադարձավ Երևան՝ Մորդովիայում 4 տարի խիստ ռեժիմի գաղութում անցկացնելուց հետո։ 74-ին անձնագրային կարգը խախտելու մեղադրանքով նրան ևս երկու տարի տվեցին․ գաղութներից նա վերադարձավ միայն 87-ին։ Անկախության համար պայքարն արդեն վերածվել էր թշնամանքի ամենամոտ հարևանի նկատմամբ․ մոդայիկ էր Ղարաբաղը։ 1988-ին Հայրիկյանը ԽՍՀՄ իշխանություններին մեղադրեց Սումգաիթի հայ բնակչության ջարդերը կազմակերպելու մեջ, դարձավ Խորհրդային Միության վերջին այլախոհը, ում զրկեցին քաղաքացիությունից։ Հայրիկյանն արտաքսվեց Եթովպիա։

Հետո սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը։ Կրեմլից անկախանալու համար պայքարող հասարակությունները սկսեցին կրակել միմյանց վրա ու մրցել զենքի գլխավոր մատակարարի հավատարմության համար։ Հայաստանում չմնացին ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանում՝ հայեր։ Ղարաբաղը (խորհրդային ինքնավար մարզի տարածքն ու ևս 7 շրջան) գտնվում է հայկական բանակի վերահսկողության տակ։ Փախստականները հայրենի վայրեր չեն վերադարձել։ Մոդայում հայերի ու ադրբեջանցիների՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ձևակերպված «գենետիկ անհամատեղելիությունն» է։

Այս ֆոնին Պարույր Հայրիկյանը ելույթ է ունենում, օրինակ, հայ-վրացա-ադրբեջանական լսարանի դիմաց ու խոսում Կրեմլի՝ «բաժանիր ու տիրիր» քաղաքականության շարունակության մասին։

Նախօրեին քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել ու պահանջում է նախագահի հրաժարականը․ նախագահ, ով մեկ տարի առաջ խաչ քաշեց երկրի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու քառամյա նախապատրաստական աշխատանքների վրա ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Մոսկվայի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մտադրության մասին։ Այստեղ ծիծաղելի ի՞նչ կա։ Ո՞ր երկրում, ո՞ր հասարակությունում են ծիծաղում մի մարդու վրա, ում հետ ընկերությամբ հպարտանում էին հետագայում Ուկրաինայի ու Վրաստանի հերոսներ դարձած քաղբանտարկյալները։

Ծիծաղում են Հայաստանում, որտեղ արդեն չորրորդ ժամկետն է՝ երկրի ղեկին մարդիկ են, ովքեր աշխատում էին ԽՄԿԿ-ում, գործ տվողներ, որոնք պարգևատրվում էին այլախոհներին ծախելու համար։ Ծիծաղում են երկրում, որտեղ վերջին անկախ հեռուստաալիքը փակվել է 2002 թվականին, որտեղ պատրաստվում են արձան կանգնեցնել Ստալինի կամակատարին, որտեղ ոստիկանությունը խոշտանգում է մարդկանց, որտեղ բանակը խաղաղ ցույցեր է ցրում, որտեղ իշխանությունը պահպանվեց 2008-ի գարնանը քաղաքացիներին գնդակահարելուց հետո։

Յուրի Մ.