ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, որ այս տարի սպասվում է մեկ հեկտարից ստանալ միջինը 3.1 տոննա ցորեն, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Նախարարը նաև նշել էր, որ 2020 թվականին մեր երկրում ստացված ցորենի բերքը կբավարարի ներքին պահանջարկի 60 տոկոսը և հետագա տարիներին էլ կպահպանի ինքնաբավության 60 տոկոսանոց մակարդակ: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ պատգամավորները նախարարից հետաքրքրվել են՝ եթե բերքը տարեց-տարի ավելանում է, ինչպե՞ս է, որ զուգահեռ աճում է նաև դրա ներկրումը:
Թերթն ընդգծում է, որ, պաշտոնական թվերի համաձայն, տարեկան արտադրում ենք ավելի քան 300 հազար տոննա ցորեն, սակայն նույնքան ցորեն էլ ներկրվում է Հայաստան այն դեպքում, երբ մեր երկրում սպառվում է ընդամենը 450-500 հազար տոննա: Նախարարն ասել է, որ մեր երկրում արտադրվող ցորենի մի մասն այնքան էլ որակով չէ և ծառայում է որպես անասնակեր: Արտադրման, ներմուծման և սպառման թվերը համադրելով՝ «Հայաստանի ագրարագյուղական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կասկածի տակ է դնում գյուղնախարարության ներկայացրած թվերը: Նա պնդում է, որ սխալ են կամ ներմուծման թվերը, կամ բերքի:
«Եթե այսօր ստացվում է մոտ 350 հազար տոննա ցորենի բերք, իսկ սպառումը մոտ 400-450 հազար տոննա է, նշանակում է, որ մենք վաղուց անցել ենք 60 տոկոս ինքնաբավության շեմը: Եթե մենք այդքան բերք ենք ստանում, ինչո՞ւ ենք տարեկան մոտ 350 հազար էլ ներկրում: Չէ՞ որ ցորենի ներկրումը ավելանում է, երբ երկրում հացը պակասում է», – «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է Բերբերյանը:
Նա համոզված է, որ Հայաստանում առկա ցորենի ցանքատարածություններով հնարավոր չէ 60 տոկոս ինքնաբավության հասնել: Նախարարի այդ կանխատեսումը Բերբերյանն անվանել է «ֆանտաստիկ» և անիրականալի:
«Միգուցե, Սերգո Կարապետյանը նկատի ունի, որ 2020 թվականին Հայաստանում 1.5 միլիոն բնակիչ է լինելու: Այդ դեպքում հնարավոր է, որ 60 տոկոս ինքնաբավության հասցնեք: Իսկ 3-3.5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ցորենի ինքնաբավությունը կարելի է հասցնել 60 տոկոսի միայն այլ մշակաբույսերի ցանկատարածությունների կրճատման հաշվին, ասենք, եթե բանջարեղենի կամ ծիրանի տեղը ցորեն ցանենք», – ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Հրաչ Բերբերյանը կասկածի տակ է դնում նաև ցորենի առատ բերքի մասին թվերի ճշմարտացիությունը: Նրա խոսքով՝ այս տարվա ցորենի բերքը իրականոմ նախորդ տարվանից քիչ է: Բերբերյանն ունի իր վիճակագրությունը, որը կազմել է ֆերմերներից ստացված տվյալներից: