Հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) կոչ են արել աշխատել թափանցիկ, հատկապես Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի ֆինանսավորման հարցում՝ նշելով, որ Սևանա լիճը Հայաստանի համար մեկ բնապահպանական խնդիրն է:
Ինչպես նշում է ecolur.org կայքը, բանկի կողմից ֆինանսավորման խնդիրը քննարկվել է երեկ ԱԶԲ-ի հայաստանյան մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԱԶԲ-ի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամ Մոնիկա Երիցյանը:
Ասիական զարգացման բանկը 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացրել Սևան-Հրազդան կասկադի վերակառուցման համար «ՌուսՀիդրո» ընկերությանը, որը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Հանդիպման ընթացքում Սիլվա Ադամյանը նշել է, որ Սևանա լճից ջրբացթողումների քանակի ավելացումն ուղղակի կապ ունի Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրի շահագործման հետ: Խնդրի շուրջ դեռևս հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել էր հանդիպում շահագրգիռ կողմերի և նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Ադամյանի կարծիքով, սակայն, հանրությունը հանդիպումը գնահատել էր ոչ արդյունավետ, քանի որ լուրջ հիմնավորումներ այն մասին, որ Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումները կապ չունեն կասկադի էլեկտրաէներգիա արտադրելու հետ, չէին բերվել:
Արամ Գրիգորյանը, իր հերթին, նշել է, որ ներկայացվող խնդիրը տարածաշրջանային է:
«Բնապահպանների ուշադրությունը սևեռված է այս խնդրի վրա, ինչը չի կարելի ասել կառավարության մասին: Եթե մի տեղ կա բիզնես, մարդիկ ուղղորդված են միայն բիզնեսով, իսկ մյուս կողմը՝ բնապահպանական, տուժում է: Ընկերությունը, որը ունի 100 տոկոս ռուսական կապիտալ, բիզնես է անում Հայաստանի էկոլոգիական խնդիրների հաշվին: Մեր վերլուծությունները հենված են զուտ ընկերության տվյալների վրա, և փաստերը ցույց են տալիս, որ երբ Սևանա լճից ջրբացթողումները ավելանում են, ընկերության արտադրանքի հզորությունները և ֆինանսական հոսքերը նույնպես ավելանում են», – ասել է Գրիգորյանը:
ԱԶԲ-ի ծրագրերի գլխավոր համակարգողը պնդել է, որ Սևան և Հրազդան ՀԷԿ-երը աշխատում են ոռոգման այն շրջանում, երբ Սևանից ջուր է բաց թողնվում, իսկ երբ Սևանից ջուր բաց չի թողնվում, դրանք չեն աշխատում:
«Մնացած ՀԷԿ-երը աշխատում են ողջ տարին: Ջրի կորուստ կա, քանի որ ջրանցքը հին է, կատարվում է 54 կմ ջրանցքի վերանորոգում: Վերանորոգման արդյունքնում ջրի կորուստը 30 տոկոսով կնվազի», ֊ ասել է Բարսեղյանը:
Հարցին, թե որքան գումար է բանկը արդեն փոխանցել ընկերությանը, Բարսեղյանը պատասխանել է, որ դա մասնավոր ծրագիր է և իրենք չեն կարող նշել՝ որքան գումար են արդեն փոխանցել: