հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Գործը չի բացահայտվել»․ Հոկտեմբերի 27-ից 15 տարի անց

«Գործը չի բացահայտվել»․ Հոկտեմբերի 27-ից 15 տարի անց

Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության 15-րդ տարելիցն է։ Այդ օրը երեկոյան 17։00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի դահլիճ են ներխուժել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը ու կրակ բացել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի ուղղությամբ։ Վերջին երկուսը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին:

Դեպքից հետո ՀՀ պաշտոնական աղբյուրները մի քանի ժամ չէին հաստատում ահաբեկչության փաստը, և միայն 22։00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրից հաղորդագրություն հետևեց, որում նշվել է, թե ԱԺ֊ում զոհեր ու վիրավորներ կան։

Ահաբեկիչների հետ հանդիպել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են մինչև հոկտեմբերի 28-ի լուսաբաց, որից հետո ահաբեկիչները հանձնվել են՝ ստանալով անվտանգության երաշխիքներ։

Նաիրի Հունանյանի հանցախմբի դատավարությունը մեկնարկել է 2001 թվականի հոկտեմբերի 27-ին և տևել է մոտ 3 տարի։ Ազգային ժողով ներխուժած բոլոր անձինք ցմահ ազատազրկման են դատապարտվել։

Հոկտեմբերի 27-ի գործի ընթացքը և մեղադրական վճիռը չի գոհացրել Հայաստանում քաղաքական մի շարք ուժերի։ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, և Կարեն Դեմիրճյանի որդին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, բազմիցս նշել են, որ Նաիրի Հունանյանի հետևում կանգնած են եղել այլ մարդիկ, որոնց անունները դատավարության ընթացքում չեն բացահայտվել։ Երկու ուժերն էլ անդամակցել են 2007 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմից ստեղծված Համաժողովրդական շարժմանը (հետագայում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինք), որի մասնակիցները 2008֊ի նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում հայտարարել են, որ Հոկտեմբերի 27-ի մեղավորները ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են (1999-ը թվականին Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը)։

Իր հարցազրույցներում Ստեփան Դեմիրճյանը բազմիցս նշել է, որ ներկայիս իշխանությունների օրոք Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվելու։ Արամ Սարգսյանը պնդել է, որ հոկտեմբերի 27-ից հետո եղած իշխանությունները, գործը չբացահայտելով, «իրենց անունները կապել են Հոկտեմբերի 27-ի հետ»։

Հոկտեմբերի 27-ի վարկածներից մեկի համաձայն, այն կազմակերպվել է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից։ 2005 թվականին «Ռեալնի Ազերբայջան» պարբերականի հետ զրույցում այդ մասին խոսել էր ԽՍՀՄ և Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն։ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հերքել էր Լիտվինենկոյի հայտարարությունը, սակայն վերջինս կրկին պնդել էր, որ «Ռուսաստանի հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է»։

Այս տարվա ապրիլ֊մայիսին Հոկտեմբերի 27-ին վերաբերող հոդվածներ էր տպագրել «Հրապարակ» օրաթերթը։ Դրանցից մեկում հոդվածագիր Մարիամ Կոստանդյանը գրել է գործում ներգրավված մարդկանց մահվան դեպքերի մասին, իսկ մյուսում հեղինակը պնդում է, որ ԱՄՆ֊ում բնակվող, Հոկտեմբերի 27-ի գործով անցած վկա Տիգրան Նազարյանը մահվանից առաջ գործին վերաբերող ձայնագրություն է ուղարկել Հայաստան։