ՀՀ կառավարությունը պետք է անի հնարավորը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Օրենքների փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ։
«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք», – ասել է Աբրահամյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով չեղյալ համարել օրենքներում կատարվող փոփոխությունները։