ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ այդ գումարը կազմել է 20 մլն դրամ, թեև, «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան, Փիրուզ Սարգսյանը հերքել է նման չափի նպաստ ստանալու փաստը։
«Միգուցե, կեղտոտը դրան մոտ թիվ է, բայց մաքուրը դրանից հեռու է», ֊ ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ չի ցանկանում կոնկրետ թիվը հրապարակել, որովհետև «կոմերցիոն բան է» դրա մեջ տեսնում։ Ֆինանսական հաշտարարը նշել է, որ ստացված գումարը մեծ է, քանի որ ինքը բարձր աշխատավարձ է ստանում, ինչը սահմանվում է ՀՀ օրենքով։
Թերթն ընդգծում է, որ ֆինանսական հաշտարարը ՀՀ պետական պաշտոնյա է, իսկ ՀՀ-ն, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա նման սոցիալական նպաստ վճարի ֆինանսական հաշտարարին։
Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը տպավորիչ թվեր է հրապարակել հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, հղիության նպաստների վճարման հետևանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել՝ նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում