Թուրքահայ լրագրող, հրապարակախոս Մարգար Եսայանը «Սաբահ» թերթի կայքում հոդված է հրապարակել, որտեղ պաշտպանում է թուրքահայ մեկ այլ լրագրող, հրապարակոս Էթյեն Մահչուփյանի որոշումն ընդունել Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական դառնալու առաջարկը։ Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։
«Էթյեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում սոցցանցերում ու հակակառավարական ԶԼՄ֊ներում քննադատության առիթ դարձավ։ Հիմնական առարկությունը հիմնված էր այն պնդման վրա, թե Մահչուփյանի նշանակումը կառավարության փորձն էր անցնելու առավել ֆունկցիոնալ ռազմավարության 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100֊ամյակին ընդառաջ կառավարության ժխտողական քաղաքականության վերաբերյալ։ Քննադատողների համոզմամբ՝ Մահչուփյանը մանիպուլյացիայի է ենթարկվել այս ռազմավարության շրջանակներում ու բարոյական թուլություն դրսևորել՝ ընդունելով առաջարկը։
Սփյուռքում մեր հայրենակիցները հնարավոր է չիմանան Թուրքիայի ներքին քաղաքականության դինամիկայի ու երկրի ներսում իշխանության համար պայքարի մասին, քանի որ Թուրքիայի վերաբերյալ նրանց մատուցվողը100 տարվա ժխտողական և մեկուսացման քաղաքականությունն է: Մեզ մշտապես ասվում է, որ թուրքերը պետք է հասկանան նրանց զայրույթն ու չպետք է սփյուռքը կտրականապես դասակարգեն որպես թշնամական «թուրքերի ու Թուրքիայի հանդեպ»։ Կարող եմ ուրախությամբ ասել, որ, որպես Թուրքիայում վերջին 12 տարիների ընթացքում ժողովրդավարացման գործընթացի դինամո, հասարակության կրոնական շերտն ու նրանց քաղաքական ներկայացուցիչը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այդ առումով բավական լավ ջանք է գործադրում։
Իսլամաֆոբիայի աճին համընթաց՝ հնարավոր է, որ որոշ սփյուռքահայերի համար ավելի հոգեհարազատ դառնան Թուրքիայում 80 տարի շարունակ իշխած «աշխարհիկ տոտալիտարները»։ Քանի որ նրանք մինչ օրս կազմում են Թուրքիայի վերնախավն ու վերահսկում երկրի ԶԼՄ֊ների 70 տոկոսը։ Հետևաբար, Թուրքիան արտերկրում պատկերող ալիքները վերահսկվում են այս շերտի կողմից։
Ավտորիտար Քեմալական ռեժիմը վերջին 12 տարիների ընթացքում շարունակաբար պարտություն է կրում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդավարական բարեփոխումների ու ընտրությունների, ինչպես նաև բռնությունը բացառող ոչ ռազմական մեթոդների միջոցով։ Վերջին երկու տարիների ընթացքում երկրում անոմալիաների թիվը զգալիորեն աճել է։ Այս անոմալիաների սկիզբը համընկավ Քրդական հարցը լուծելու նպատակով կառավարության նախաձեռնած հաշտեցման գործընթացի հետ, քանի որ պետության ու Քրդական աշխատավորական կուսակցության միջև բախումն ամենակարևոր գործոնն էր, որ թաքցնում էր երկրում ռազմական գերակայությունն ու արգելափակում քաղաքացիական քաղաքականության ճանապարհները։ Բայց, որ ամենակարևորն է, երեք հաջորդական ընտրություններ էին տեղի ունենալու՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 2014 թվականի մարտի 30֊ին, նախագահական ընտրություններ 2014֊ի օգոստոսի 10֊ին ու խորհրդարանական ընտրություններ 2015֊ին։
Թուրքիան քաղաքականապես վերափոխելու միակ եղանակը Քրդական աշխատավորական կուսակցության զենք վերցնելն ու դրա միջոցով ստեղծած քաոսի միջոցով 2015 թվականի ընտրությունների վրա ազդելն է։ Հայկական հարցն ինքնիշխանության պայքարում միայն գործիք է։ Իրականում, հայերի ցավը որևէ մեկին չի հետաքրքրում։ Վստահեցնում եմ, որ այս խմբերը կվերադառնան իրենց ժխտողական քաղաքականությունն իրենց նպատակներին հասնելուն պես։
Ներկայումս, Թուրքիայում աշխարհիկության ու արդիականության ներկայացիչներն իրականում կրոնական խմբերն են։ Նրանք Հայկական հարցը համարում են բարոյական խնդիր ու խղճի պարտք, որին պետք է անդրադառնալ։ Նրանք գիտակցում են, որ մարդիկ արդեն գիտեն՝ իրենց պատմություն օբյեկտիվորեն չեն սովորեցրել։ Նրանք նաև տեղյակ են, որ Հայկական հարցին լուծում չտալը խոչընդոտ է ժողովրդավարացման գործընթացի համար։
Միամտություն կլիներ ասել, թե կառավարությունը կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել ցավակցական խոսքերի ու վերջին նշանակումների միջոցով, քանի որ Հայկական հարցը Թուրքիայի համար ուղղակի խնդիր չէ։ Մյուս կողմից, կառավարությանը հաջողվել է տարիներ շարունակ հետաձգել խնդիրը՝ իր քաղաքակության հիմքում դնելով ժխտողական հռետորաբանությունն ու աշխարհաքաղաքական կարևորությունը։ Վերջիվերջո, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Բաշար Ասադի ռեժիմը սպանել է 300,000 մարդ Սիրիայում, բայց, միևնույն է, պաշտպանված է։
Պատմության հետ դեմ առ դեմ դուրս գալու Թուրքիայում սկսված գործընթացին ճիշտ գնահատական տալու համար հայկական սփյուռքը պետք է հասկանա իրավիճակը Թուրքիայում ու հեռու մնա նրանցից, ովքեր ցանկանում են օգտագործել իրենց ցավը։