«Ինքնագիր» գրական ակումբը սկսում է վերահրատարակել «Ինքնագիր» գրական հանդեսը միայն օն֊լայն տարբերակով։ Հանդեսը, որի վերահրատարակումը հնարավոր է դարձել Գյուլբենկյան հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ, լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն, բայց հիմնական բովանդակությունը հայերեն է:
Հայերեն են թարգմանվելու նաև օտար լեզուներով նյութերը: Հանդեսի բաժիններն են՝ բանաստեղծություն, արձակ, դոկումենտալ արձակ, էսսե, գրախոսություն, հարցազրույց (գրական թեմայով կամ գրողի հետ), ժառանգություն (հայ գրականության կարևոր էջեր), տեսագրություն:
Հանդեսի հրատարակիչները նշում են, որ կայքն ամենաուշը պատրաստ կլինի մեկ ամսից, կթարմացվի շաբաթը երկու անգամ՝ երկու նյութերով: Մեկուկես տարվա ընթացքում կլինի միայն մեկ տպագիր գիրք հայերեն, և մեկը՝ անգլերեն: Հանդեսի հրատարակիչները քաղաքացիներին առաջարկում են «Ինքնագրի» աշխատանքներին մասնակցել իրենց ստեղծագործություններով, ցանկալի է՝ անտիպ նյութերով։ Ստեղծագործությունները պետք է ուղարկել գրողներ Վահան Իշխանյանին և Վիոլետ Գրիգորյանին: