ՀՀ կառավարությունը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ կերպ չեն արձագանքել սեպտեմբերի 5-ին հրապարակված «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության բաց նամակին։ ՀԿ֊ն վարչապետին խնդրել էր միջոցներ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրվող անորակ դեղերի բաշխումը բացառելու ուղղությամբ:
Այսօր տարածած հայտարարության մեջ ՀԿ֊ն նշում է, որ արձագանքի բացակայությունը ևս մեկ անգամ հիմք է տալիս մտածելու, որ իրավասու պետական մարմիններին չի հետաքրքրում բնակչության առողջությունը:
«Միգուցե խնդիրն այն է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հասկանալի պատճառներով չեն կարողանում հավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչն էլ զրկում է համապատասխան պաշտոնատար անձանց՝ դա օգտագործելով, սեփական փիառն անելու հնարավորությունից: Սա անընդունելի վերաբերմունք է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, նրանց իրավունքների նկատմամբ», ֊ ասված է ՀԿ֊ի հայտարարության մեջ:
Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիան նշում է, որ տեղեկատվություն ունի, թե որոշ հոգեբուժական հաստատություններ շարունակում են աշխատել անօրակ դեղերի իրացման ուղղությամբ։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հրաժարվում են ստանալ դրանք, սակայն թե ինչ ճակատագրի են դրանք արժանանում, դեռևս հստակ տեղեկատվություն չկա, ընդգծում է ՀԿ֊ն՝ կոչ անելով իրավապահ մարմիններին ուսումնասիրել, թե ինչպես են օգտագործվում պետական բյուջեի միջոցները դեղորայքի ձեռքբերման գործընթացում: