Սերժ Սարգսյանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, պետական դավաճանություն է կատարում: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ԵՏՄ֊ի հարցով կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նոյեմբերի 5-ին Փոստանջյանը նմանատիպ հայտարարություն էր արել լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Այսօր, սակայն, նրա ելույթն ընդհատել է հանձնաժողովների համատեղ նիստը վարող ՀՀԿ֊ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ հորդորելով լինել կոռեկտ և գոտկատեղից ներքև չխփել: Սա ԱԺ֊ում Այվազյանի և Փոստանջյանի հակամարտության հերթական փուլն էր։ Հոկտեմբերի 22-ին Այվազյանը վիճաբանել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ երբ վեճին միջամտել էր Փոստանջյանը, ՀՀԿ֊ական պատգամավորը վերջինիս ասել էր․ «Դո՞ւ խի անհանգստացար»։ Հետագայում Այվազյանը լրագրողներին ասել էր, թե «կինը չպետք է խառնվի տղամարդկանց խոսակցությանը»։
Այսօր մինչ Այվազյանի հետ վիճաբանելը, Զարուհի Փոստանջյանը հարցրել էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ ինչ է անելու Հայաստանը, եթե ԵՏՄ֊ի «բլեֆը», «ավանտյուրան», որը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չիրականանա: Պատգամավորը նշել էր նաև, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գնալով կոլապսի մեջ է հայտնվում, և չի բացառվում, որ Խորհրդային Միության նման պուտինյան Ռուսաստանը ևս կործանվի:
Ի պատասխան՝ Քոչարյանը հայտարարել էր․ «Ընդունված է ասել, որ հոռետեսն ավելի տեղեկացված լավատեսն է, բայց այս դեպքում ճիշտ հակառակն է: Ես ավելի լավատես եմ և կարծում եմ` ավելի տեղեկացված եմ: Հայաստանը միշտ կողմ է եղել համագործակցությանը, ոչ թե բևեռացմանը: Մենք չպետք է մեր ամբիոններից նպաստենք բևեռացմանը, այլ ճիշտ հակառակը: Դա բխում է մեր ազգային անվտանգության շահերից»: