Որոշում կայացնելով, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանը բլեֆների է դիմել։ Այս մասին ՍԴ-ի որոշումը հրապարակելուց հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ֊ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նշենք, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը իրենց որոշման հիմնավորման մեջ նշել էր, որ համաշխրահային տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար պետությունների միջև խորը ինտեգրման անհրաժեշտություն և պրակտիկա կա:
«Եթե նույնիսկ դա այդպես է, դա բնավ Սահմանադրական դատարանի գործը չէ: ՍԴ անդամները տնտեսագետներ չեն, որ գնահատեն՝ ինչ պետք է անեն երկրները սննդի, էներգետիկայի և այլ տնտեսական հիմնահարցերը աշխարհում լուծելու համար: Եթե նրանք դա ասում են, ապա պետք է նաև անդրադառնան նրան, թե տնտեսապես ինչանքով է ճիշտ համագործակցել ՌԴ-ի հետ, որի տնտեսությունը սղաճի մեջ է»,-ասել է Դանիել Իոաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ թեև Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ կրկնել է «կոնսենսուս» բառը, որոշումները ԵՏՄ հանձնաժողովում ընդունվում են ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ: Հենց այդ հանձնաժողովն է վերցնելու ներկայումս ՀՀ ԱԺ-ին և ՀՀ Կառավարությանը պատկանող որոշ իրավունքներ, մասնավորապես, մաքսային ոլորտում:
Դանիել Իոաննիսյանը հարց է բարձրացրել՝ եթե ՍԴ-ն հայտարարում է, որ նման հարցերում հանրաքվեի անհրաժեշտություն չկա, ապա ե՞րբ է հանրաքվեն անհրաժեշտ, եթե ոչ այս դեպքում:
ՀԿ֊ի ներկայացուցչի կարծիքով՝ բլեֆ է նաև Հարությունյանի այն պնդումը, որ ԵՏՄ-ն հզորացնելու է անդամ երկրների ազգային արժույթները, քանի որ արդեն բանակցվում է ԵՏՄ֊ի միասնական արժույթ՝ ալթըն ստեղծելու մասին: