Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնեցին նոյեմբերի 12-ին խոցված ՄԻ֊24 ուղղաթիռի օդաչուների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի, Սարգիս Նազարյանի աճյունները։ Չնայած անձրևոտ եղանակին, օդաչուների հուղարկավորությանը մասնակցում էին ոչ միայն նրանց հարազատները և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այլև բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց մեծ մասը ոտքով էր բարձրանում դեպի պանթեոն, քանի որ ավտոճանապարհը բաց էր միայն ՊՆ մեքենաների համար:
Հուղարկավորության ընթացքում վատացավ օդաչուների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը, և նրանց շտապ օգնություն ցույց տրվեց։ 22-ամյա Ազատ Սահակյանի մայրն ուշագնաց եղավ մինչ հուղարկավորության մեկնարկը նրանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ավիացիայի գծով տեղակալ գեներալ Ստեփան Գալստյանն իր ելույթը սկսեց կարդալ թղթից՝ գովելով տղաների քաջությունը և մխիթարանքի խոսքեր ասելով հարազատներին։ Օդաչուի մորը զայրացրեց գեներալի ոչ վարժ կարդալը։
«Իմ տղան առանց թղթի էր կարդում։ Թող տեքստը սովորեր, նոր գար», – ասել է Ազատ Սահակյանի մայրը։
Զոհվածների հարազատները չէին ցանկանում լրագրողներին հարցազրույցներ տալ։ «Ինչի լրատվությունը չգիտի՝ ոնց է եղել: Մեզանից լավ գիտեք, որ 12 օր աճյունները չէին տեղափոխում», – ասել է զոհվածներից մեկի հարազատը:
Զոհվածների աճյունները հողին հանձնելու արարողության ողջ ընթացքում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցում էին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԼՂՀ ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հուղարկավորությանը մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: