Home / Հայաստան / ՀՔԾ֊ն լրագրողին հարվածած պաշտոնյայի արարքում հանցակազմ չգտավ

ՀՔԾ֊ն լրագրողին հարվածած պաշտոնյայի արարքում հանցակազմ չգտավ

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես հայտնում է «Ա1+»֊ը, գործը մերժվել է ԱԺ անվտանգության ծառայության ղեկավար Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

«ՀՀ պետական պահպանության ծառայության պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածով (Ծեծը), 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) և 186-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել) քրեական հետապնդում չիրականացնել և թիվ 61207214 քրեական գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով», ֊ ասված է քննիչ Վ․Ավետիսյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9֊ին, երբ Խաչատրյանը լուսաբանում էր «Հակահարված» արտ֊խմբի ակցիան,  ԱԺ֊ի դարպասներից դուրս եկած Հայրապետյանը հարձակվել է լրագրողի վրա՝ հարվածելով վերջինիս և նրա ձեռքից գցելով լուսանկարչական սարքը։ Դեպքի վայրում էին եղել նաև Epress.am֊ի լրագրողները, որոնց հետագայում հրավիրել էին ՀՔԾ բացատրություն տալու համար։ Մանրամասները՝ այստեղ։