«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոյեմբերի 27-ին անցկացված «Հեռուստամարաթոն 2014»֊ն արձանագրել է 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամը հաղորդում է, որ հավաքագրված գումարը կուղղվի «հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում»:
Thetruthmustbetold.com կայքի խմբագիր, ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը բազմիցս քննադատության էր արժանացրել Հիմնադրամի գործունեությունը։ Անցյալ տարի նա իր կայքում ներկայացրել էր խարդախության դեպքերից մեկը: Լրագրողը նշել էր, որ Կալիֆորնիայում գործող մի խումբ ամերիկահայ ներդրողները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ գործարք են կնքել, որն օգնել է իրենց ԱՄՆ֊ում խաբեությամբ ավելի քիչ հարկ վճարել։
Այս տարի «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն» գրությամբ վերնաշապիկներով մի քանի ամերիկահայեր բողոքի ացկիա են անցկացրել Հարավային Կալիֆորնիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) ճաշկերույթի ընթացքում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ հիմնադրամը կոռումպացված մարմին է և օգնում է Հայաստանի ղեկավարներին պահպանել իրենց իշխանությունը:
Բողոքողները հայտարարում էին նաև, որ 2012 թվականի դրամահավաքի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքվել է 20 միլիոն դոլար, մինչդեռ նույն տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը չարաշահումների և հարկերը չհավաքելու պատճառով կորցրել է 750 միլիոն դոլար։