հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սպանության գործով վկաները դատարանում հրաժարվել են նախաքննական ցուցմունքից

Սպանության գործով վկաները դատարանում հրաժարվել են նախաքննական ցուցմունքից

15֊ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի (լուսանկարում) գործով դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստին երկու վկաները հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում պատմել է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Որպես ուշագրավ իրադարձություն պետք է նշեմ, որ վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքը, դատարանում, ըստ էության, հրաժարվեցին իրենց ցուցմունքներից։ Վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասն ինքը հորինել է, և ինքը չի տեսել, թե ինչպես է Կունգորցևը դանակով հարվածում Դավիթ Հովակիմյանին։ Այդ վկան նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը: Մյուս վկան՝ Ա. Կ.-ն, դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգորցևի կողմից Հովակիմյանին դանակահարելու պահը, բացի դա, չի եղել դեպքի վայրում։ Նա հայտնել է, որ նախաքննության ընթացքում ասածը, թե այդ ամենը տեսել է, սուտ է, և հիմնված է եղել միայն իր ընկերների պատմածի վրա», ֊ ասել է Պապիկյանը:

Մեկ այլ վկա՝ հանդբոլի թիմի մարզիչ Հ. Մ.-ն, ով մարզել է սպանված Դավիթ Հովակիմյանին և գործով ցուցմունք տված պատանիներին, երեկ դատարանում ասել է, թե ինքը տեղյակ է եղել, որ Կունգորցևի դեմ ցուցմունք տված իր 4 սաներից 2-ը ճիշտ չեն ասել նախաքննության ընթացքում և նրանք տեղի ունեցածի մասին միայն լսել են ուրիշներից և դեպքին ականատես չեն եղել:

Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ քննությունը անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին՝ կալանավորելով վերջինիս։

Գործի մանրամասները՝ այստեղ