Երթուղայինի վարորդները, ի տարբերություն տաքսու վարորդների, միշտ չէ, որ երկար զրույցի են բռնվում ուղևորների հետ։ Այսօր, սակայն, երթուղայինի վարորդը «բացվեց» և հանգամանալից պատմեց իր աշխատանքային պայմանների մասին: Կիսվելու պատճառ հանդիսացավ ճանապարհային ոստիկանը: Վերջինս կանգնեցրեց մեքենան և պահանջեց ներկայացնել վարորդական իրավունքները, որը տեսնելուց հետո ասաց՝ «բարի ճանապարհ»:
«Սա կոչվում է՝ կեղտ ման գալ: Ում որ պետք է, նրանց չեն ստուգում»,- զայրացավ վարորդը: Ասաց, որ իրենք՝ երթուղայինի վարորդները, արթնանում են առավոտյան ժամը 6-ին, 7-ից ղեկին են մինչև երեկոյան 22-23-ը, չունեն ոչ շաբաթ, ոչ կիրակի:
«Մենք ունենք ընդամենը 3 ազատ օր ամսվա մեջ, որն էլ ստիպված ենք ծախսել մեքենան տանել֊վերանորոգելու վրա: Առնվազն ամիսը երկու անգամ մի բան փչանում է: Ամեն օրվա համար գծի տիրոջը տալիս ենք 15000 դրամ, ամեն օր ինձ եկամուտ է մնում 2-3 հազար դրամ: Եթե մի օր չքշեմ, ասենք՝ հիվանդ լինեմ, կամ ավտոն էլի փչացած լինի, ես մեկ է գծի տիրոջ 15000 դրամը պիտի տամ իմ գրպանից»,- ասել է վարորդը:
Նա ասել է նաև, որ երթուղայինների վարորդների հոգսն ավելի է շատացել այն պատճառով, որ վթարների ծախսերը հենց իրենք պետք է հոգան, ոչ թե գծատերը․ «Մեկը խփում է, վարկ ենք վերցնում, սա մեծ ավտո է, ծախսերը՝ շատ: Հետո ընկնում ենք կրակն էդ վարկի ձեռը»:
Վարորդները նաև պետք է վճարեն մեքենայի վառելիքի համար։ Մեր զրուցակիցը բողոքում էր, որ գազը թանկացել է, և այժմ ամսվա կտրվածքով մոտ 3000 դրամ ավել է վճարում։
Վարորդի խոսքով՝ իրենցից շատերը մեծ վնասներ են կրել 2013 թվականի ամռանը, երբ քաղաքապետարանը որոշում էր կայացրել բարձրացնել հանրային տրանսպորտի գինը և քաղաքացիները բոյկոտում էին երթուղայինները կամ շարունակում 100 դրամ վճարել: «Ես չեմ մեղադրում, այո, ճիշտը չվճարելն էր, չնստելը: Բայց մենք, եթե չքշեինք էդ օրերին, էս հաց աշխատելու փողից էլ կզրկվեինք: Դիմացանք, բայց արդեն անհնար էր: Մենք մեր գրպանից մուծումներ էինք անում»,-պատմել է վարորդը:
Համաձայն ՀՀ-ում գործող աշխատանքային օրենսգրքի, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
Աշխատողները ունեն ամենշաբաթյա անընդմեջ հանգստի, ամենամյա հանգստի (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ) իրավունք: Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:
Քնար Խուդոյան