ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ապօրինի գործողություններ կատարելու մտադրությունը։
Փոստանջյանը հղում է կատարում «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված հոդվածին, որի համաձայն Երանոսյանն ասել է․ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։ Թերթը փոխոստիկանապետին հարցրել էր ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու մասին, որին, ըստ «Ժողովուրդ»֊ի հոդվածի, կարող է առնչություն ունենալ Երանոսյանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանին հրապարակավ քննադատողները և պետական դավաճանության ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրողները բազմահազար են, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու վերը նշված պաշտոնատար անձի ապօրինի գործողություններ կատարելու մտադրությունը և հետամուտ լինել իրավապահ մարմինների պարտականությունների կատարմանը` պատշաճ քննության առարկա դարձնելու ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի և Սուրեն Սարգսյանի նկատմամբ հարձակումները` բռնության կիրառումը», ֊ գրել է Փոստանջյանը։