հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռազմական ինստիտուտում դաժան սպանությունից հետո նախարարը խոստանում է 30 պաշտոնյա ազատել

Ռազմական ինստիտուտում դաժան սպանությունից հետո նախարարը խոստանում է 30 պաշտոնյա ազատել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո, բացի ինստիտուտի ղեկավարից, աշխատանքից ազատվելու է մոտ 30 պաշտոնյա: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավելել է, որ ազատվողների թվում են ռազմական ինստիտուտի պետի 3 տեղակալները, գաղափարադաստիրակչական, ուսումնադաստիրակչական աշխատանքների և վերահսկողության համար պատասխանատու բաժինների պետերը:

«Քրեական գործընթացի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյուքնում, դրան նախորդել է ոգելից խմիչքների օգտագործման փաստ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետև՝ վիճաբանություն: Վիճաբանությունը եղել է զինվորական էթիկայի պահպանման հարցերի շուրջ՝ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև, նա [Բարսեղյանը] դիտողություն է արել կուրսանտին: Մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք»,- քրեական գործի մանրամասները հաղորդել է նախարարը:

Նշենք, որ հարուցված քրեական գործով կալանավորվել են Բարսեղյանի 4 ծառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը։ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:

Galatv.am֊ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանն ասել է, որ իր որդին սպանվել է քնած ժամանակ։ Այդ տեղեկությունը նրան քննիչներն են հաղորդել։

«Դեպքը՝ սպանությունը, գիշերն է եղել։ Հերթապահն ասել է, որ երեք անց կես շրջել է ննջարաններով, Հայկազը այդ ժամանակ քնած է եղել: Իսկ հետո ինքն էլ է գնացել քնելու, ու գործողությունը կատարել են հերթապահի ստուգումներից հետո: Այդ օրը բանակի օրն էին նշել: Ամեն ինչ հանգիստ է թվացել, ինքն էլ երեքից հետո հանգիստ գնացել է՝ քնի: Այդ մասին ինձ պետն է ասել: Ասաց՝ բերանը փակել են շորով, դանակով հարվածել են թևին, նոր վերջում տարել կախել են: Դեմքին՝ շրթունքի վերեւի հատվածում, խփված էր, ու լավ գրիմ արած էր, ձախ այտի վրա հետք կար՝ գրիմով փակած էր: Թևերը՝ մինչև արմուկները արյան մեջ են եղել:

Ասացին, որ մահացել է շնչահեղձ լինելուց, քանի որ բերանը փակել են: Երեխիս տանջամահ են արել, հետո տարել, կախել են: ինձ թվում է՝ մահացած են եղել, նոր տարել են, որ կախեն իմիտացիա ստեղծեն, որ իբր կախված ա», ֊ ասել է Արկադի Բարսեղյանը: