«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր Հանրապետության հրապարակում հավաքված լրագրողներին հայտնել է, որ այսօր առավոտյան ոստիկանության մեքենայի մեջ իրեն բռնության չեն ենթարկել: «Հիմնադիր խորհրդարանն» ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սաֆարյանին ծեծել են ոստիկանության մեքենայի մեջ՝ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելիս: Նույնը լրագրողներին ասել էր նաև նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։
Սաֆարյանը կարծում է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր:
«Կարծում եմ, ինչ֊որ մեկը կողքից տեսել է, թե ինչպես մեքենայի մեջ ոստիկանը բռունցքներ էր ինձ ցույց տալիս՝ մոտեցնելով դեմքիս՝ սպառնալով։ Բայց հարվածներ չեմ ստացել: Կարծում եմ՝ կողքից թվացել է, որ հարվածը հասել է դեմքիս, բայց նա բռունցքները ուղղակի մոտեցրեց դեմքիս՝ ցույց տալով, թե քեզ խելոք պահի, ձայնդ կտրի» – լրագրողներին ասել է Սաֆարյանը: