«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող որոշ փոքր և միջին ձեռնարկատերեր զուգահեռաբար փակել են իրենց առևտրի կետերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը (լուսանկարում՝ աջից) ասել է, որ փետրվարի սկզբից մինչ օրս միայն Երևանում փակվել է մոտ 700 կետ:
Ասլանյանը նկատել է, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի խանութներից մի քանիսն են փակվել, մինչդեռ այդ հատվածում առևտուրը միշտ լավ է եղել:
«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ֊ի նախագահ Գագիկ Դանիելյանը հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ, քանի որ ամեն օր կետեր են փակվում:
«Գնացեք Ֆիրդուսի փողոցի, Մալաթիայի տոնավաճառներ, կտեսնեք քանի տաղավար է փակ», – ասել է Դանիելյանը:
Երկու բանախոսներն էլ պնդել են, որ օրենքի նոր տարբերակը լուրջ վնաս կհասցնի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին։
Ասլանյանի խոսքով՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելուց բացի, Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի գործարարների հետ: Այդ գործընթացը դեռ չի մեկնարկել, բայց ձեռներեցների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները առաջարկել են, որ Կառավարության պատվիրակությունը շրջի առևտրի կետերով քննարկումներ անելու համար, ինչը թույլ կտա գործարարներին չկտրվել իրենց ամենօրյա առևտրից:
Գագիկ Դանիելյանն ասել է, որ իրենք ոչ մի քաղաքական գործընթացների մեջ չեն ցանկանում ներգրավվել:
«Մենք մեր մի կտոր հացն ենք ուզում վաստակել մեր ընտանիքների համար: Մենք քաղաքական ուժերին ասում ենք՝ եթե կարող եք, օգնեք, բայց մի ուղղորդեք»,- ասել է նա:
Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 5 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել էին հունվարի երկրորդ կեսին, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր օրենքում այլ փոփոխություններ մտցնել։
Ակցիաների նոր ալիքից հետո Կառավարությունը կրկին հետաձգել է օրենքում ապրանքների պարտադիր գույքագրման կետը մինչև հուլիսի 1-ը։
Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:
Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։
Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։