Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները փակել էին Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն միջհամայնքային ճանապարհը։ Ինչպես հաղորդում է Newsline.am-ը, բողոքողները պահանջում էին հատուցել 2014 թվականի ամռանը տեղի ունեցած հրդեհի պատճառով իրենց հասցված վնասները։ Հրդեհի հետևանքով այրվել են գյուղի՝ ավելի քան 12 հեկտար խաղողի և պտղատու այգիները: Բնակիչները մեղադրում են «Եղվարդշին» ընկերությանը, որի կողմից խողովակների մոնտաժման աշխատանքների ժամանակ էլ առաջացել է հրդեհը:
Ինչպես Newsline.am-ին փոխանցել է գյուղի բնակիչ Վազգեն Մանուչարյանը, ակցիայի ժամանակ բողոքողներից մեկը ինքնահրկիզման փորձ է արել, սակայն իրենց հաջողվել է կանխել դա:
Այնուհետև բնակիչները զանգահարել են «Եղվարդշինի»-ի տնօրենին և փորձել են նրան հարցնել, թե երբ է իրենց փոխհատուցում տալու։ Տնօրենի հայտարարությունը, թե ինքը տարբեր չափերի փոխհատուցում կատարել է, առաջացրել է հավաքված բնակիչների զայրույթը:
Վազգեն Մանուչարյանի խոսքով՝ որոշ բնակիչների 8000-10 000 դրամ գումար են տվել ու համարել, որ բոլորին փոխհատուցել են։
Թեև վերինկարմիրաղբյուրցիներն այսօր դադարեցրել են իրենց ակցիան, նրանք խոստացել են սրանով չսահմանափակվել։ Գյուղացու խոսքով՝ սա նախազգուշական բողոքի ակցիա էր:
Լուսանկարը՝ aysor.am