Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (Հ1) որոշել է այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալ «Geneology» անվանումը կրող խմբով։
««Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ:
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա ևս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն», ֊ նշված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: