Խոսքի ազատությունը պաշտպանող ու խթանող IFEX համաշխարհային ցանցը դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի Բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ապահովել Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովի ազատությունն ու անվտանգությունը։ Հուսեյնովը, ինչպես հայտնի է դարձել փետրվարի 11֊ին, պետական մարմինների հետապնդումներից թաքնվելու նպատակով 2014 թվականի օգոստոսից մինչ օրս ապրում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը։
IFEX֊ը խնդրում է Հուսեյնովի վրայից հանել մեղադրանքներն ու նրան հնարավորություն տալ անվտանգ կերպով լքել երկիրը, կասեցնել քրեական գործը Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի դեմ, ապահովել Ադրբեջանում խոսքի ազատությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ հասարակական կազմակերպությունների գործունեության համար։
Ցանցը նման ուղերձ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Ռաադ Զեյդ ալ-Հուսեյնին և Խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյին։
Ուղերձի մեջ նշված է, որ 2014 թվականի օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի գրասենյակներում՝ առգրավելով մի շարք փաստաթղթեր ու համակարգիչներ և փակելով Ինստիտուտը․ «Այդ օրվանից ի վեր Էմին Հուսեյնովը թաքնվում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալությունից խուսափելու համար»։
Հուսեյնովին սպառնում են այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք առաջադրվել են ձերբակալված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին ու Լեյլա Յունուսին՝ հարկերից խուսափում, ապօրինի ձեռներեցություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Նույն մեղադրանքներով 5,5 և 3,5 տարվա ազատազրկման են դատապարտվել համապատասխանաբար Ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին ու մեկ այլ ակտիվիստ Բաշիր Սուլեյմանլին։
«Մենք գտնում ենք, որ այս մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ֊ն, դատապարտել են դրանք։ Մենք դիմում ենք Ձեզ՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ֊ի Բարի կամքի դեսպանի, որպեսզի աջակցեք մեզ։ Դուք հնարավորություն ունեք ապահովել Էմին Հուսեյնովի, ինչպես նաև խոսքի ազատության այլ պաշտպանների անվտանգությունն ու ազատությունը, ում իրավունքները խախտվել են Ադրբեջանում»,֊ ասված է ուղերձի մեջ։
Հուսեյնովի ու նրա կազմակերպության հետ կապված դեպքն Ադրբեջանում միակը չէ։ 2014 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովան։ 2014 թվականի սեպտեմբերին, ամերիկյան IREX կազմակերպության ադրբեջանական գրասենյակում անցկացվել է խուզարկություն, առգրավվել են փաստաթղթերն ու բոլոր էլեկտրոնային կրիչները։
Հուսեյնովի գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի հայտարարությունից, որում ասված է՝ 2015 թվականի փետրվարի 11֊ին շվեյցարական SRF հեռուստաալիքի «Rundschau» ծրագրի եթերում հաղորդվել է, որ Հուսեյնովը 2014 թվականի օգոստոսից ապրում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը։
Կազմակերպության՝ ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերի խոսքով, Շվեյցարիան պետք է շարունակի աջակցություն ցուցաբերել Էմին Հուսեյնովին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։ «Դեսպանատանը նրա գտնվելն արդարացված է երկրում ճնշումների մակարդակով, Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ առաջադրված կեղծ մեղադրանքներով, ինչպես նաև՝ անկախ դատական համակարգի բացակայության պատճառով դատարանում իրենց պաշտպանելու անկարողությամբ»,֊ հայտարարել է Իրմինգերը։
Նշենք՝ 2014 թվականի նոյեմբերի 10֊ին Բաքվի օդանավակայանից բերման էր ենթարկվել Հուսեյնովի եղբայրը՝ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի մեկ այլ աշխատակից Մեհման Հուսեյնովը։ Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։
Ճնշում է գործադրվում նաև Ինստիտուտի այլ աշխատակիցների վրա։ Վերջերս իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել կազմակերպության իրավաբան Գյունայ Իսմայլովան։