2011-2013թթ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա: Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը, գրում է pinkarmenia.org կայքը։
Այդ կորուստները բացատրվում են մի շարք գործոններով։ Վնասները, որ ուղարկող հասարակությունը կրում է մեկ մարդու արտագաղթից, կապված են արտագաղթողի մանկության տարիներին և կրթության համար հասարակության կատարած ներդրումների կորստի հետ (ուղեղների արտահոսք), այն կապիտալի կորստի հետ, որն արտագաղթողները վերցնում են իրենց հետ երկիրը լքելիս, ամբողջական պահանջարկի նվազման հետ և հոգեբանական ազդեցության հետ։
Բացի դա, զեկույցի հեղինակները նշում են, որ ԼԳԲՏ անձանց և մյուս արտագաղթողների տարբերությունն այն է, որ ԼԳԲՏ անձիք սովորաբար տրանսֆերտներ չեն ուղարկում Հայաստան կամ աննշան չափով են ուղարկում, հաճախ էլ կտրում են կապը Հայաստանում մնացած հարազատների հետ, ինչը ևս տնտեսական կորուստների պատճառ է։
Հարցումները ցույց են տվել, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Մասնավորապես, հարցված շատ փորձագետներ նշում են ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականության հիմքով աշխատանքի մերժման կամ էլ աշխատանքից ազատելու բազմաթիվ օրինակներ։ Հարցման մասնակիցները նկարագրել են ԼԳԲՏ մարդկանց հանդեպ ֆիզիկական սպառնալիքների (հրկիզման փորձ, տան կամ ունեցվածքի հրկիզում, վտարում հայրական տնից, ծեծ և բռնության այլ տեսակներ) բազմաթիվ օրինակներ։ Այս սպառնալիքները ԼԳԲՏ մարդիկ ունենում են ընտանիքում, հասարակական վայրերում, առողջապահական, կրթական հաստատություններում, մասնավոր ոլորտում, իրավապահ մարմիններում, բանակում։ Փաստացի, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` ցանկացած ինստիտուտի հետ հարաբերության մեջ, ԼԳԲՏ մարդկանցից շատերը ենթարկվում են ֆիզիկական վտանգների (նույնիսկ այն ինստիտուտների կողմից, որոնք կոչված էին պաշտպանել իրենց), ինչը դրդում է երկիրը լքելու որոշման։ ԼԳԲՏ անձանցից շատերը չէին արտագաղթի, եթե չառնչվեին նման խնդիրների հետ։
Ուսումնասիրության հիման վրա զեկույցի հեղինակները ՀՀ իշխանություններին մի շարք առաջարկություններ են արել, մասնավորապես․
֊ Իրականացնել միասնական պետական քաղաքականություն` հիմք ընդունելով հասարակության կյանքի բոլոր ոլորտներում խտրականության բացառման սկզբունքը:
֊ Իրականացնել ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսված սոցիալական քաղաքականությունն ու մարդկային կապիտալի զարգացումը` հիմք ընդունելով հասարակության խոցելի խմբերի, տվյալ դեպքում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարբեր ոլորտ-ներում խտրականության բացառման սկզբունքը:
֊ Ընդունել խտրականության արգելման մասին առանձին օրենսդրություն, որը կբացառի այս կամ այն հատկանիշով պայմանավորված խտրականությունն աշխատաշուկայում և կյանքի այլ ոլորտներում, կապահովի հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլորի համար:
֊ Ընդունել օրենքի կիրարկման գործուն մեխանիզմներ: Հակախտրական օրենսդրությունն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն բավարար չէ և առանց գործուն մեխանիզմների խտրականությունը հենց այնպես չի վերանա:
֊ Օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս հիմք ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ