ՌԴ գլխավոր դատախազությունը ՀՀ դատախազությունից ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ գրություն չի ստացել։ Այս մասին նշված է եղել «Ժողովուրդ» օրաթերթին ՌԴ դատախազությունից ուղարկված պաշտոնական պատասխանում։ Թերթը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով
«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում՝ Պերմյակով Վ.Պ.-ին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել», ֊ ասված է ՌԴ դատախազության պատասխան նամակում։
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
«ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական, օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված է եղել դատախազության տարածած հաղորդագրությունում: