Այս տարվա սկզբից մի շարք քաղաքացիներ ստացել են Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից ստորագրված ծանուցումներ այն մասին, որ իրենք պետք է տարեկան 5000 դրամի չափով տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքացի Քրիստինա Ղևոնդյանը, ով մասնակցում էր այսօր Կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիային:
Նրա խոսքով՝ նման ծանուցումներ ստացել են անգամ մարդիկ, ովքեր այս պահին ընտանի կենդանի չունեն: Վճարումները պարտադիր պետք է արվեն մինչև տարեվերջ:
«Առաջարկվում է ընտանի կենդանի պահելու համար թույլտվություն ստանալու նպատակով դիմել Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին ու ընթացիք տարվա համար սահմանված 5000 ՀՀ դրամը վճարել համապատասխան հաշվարկային հաշվին»,-ասված է ծանուցման մեջ:
Ղևոնդյանը նշել է, որ այդ օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականից, բայց այն չի պարտադրվել: Ղևոնդյանի և մյուս մասնակիցների կարծիքով՝ սա շանտաժի միջոց է:
«Ուզում են ասել, սուս մնացեք՝ դուք անօթևան կենդանիների համար էիք պայքարում, դե գնացեք ձեր կենդանիների համար վճարեք»,-ասել է Ղևոնդյանը:
Քաղաքացին հիշեցրել է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քաղաքապետարանին «անհանգստացրել են» անօթևան շների հիմնահարցով, մասնավորապես, դատապարտելով «Յունիգրաֆ» ընկերության (թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն) կողմից անօթևան շներին տանջամահ անելու պրակտիկան:
«Քաղաքապետարանը դեկտեմբերի 24-ին հայտատարարեց, որ «Յունիգրաֆը» լուծարվել է: Հայտարարեցին, որ խնդրի առնչությամբ կլինեն ազատ լսումներ, և կենդանասերերը ևս կարող են մասնակցել: Փետրվարի 3-ին պետք է լիներ, ժամը 3-ին: Մենք հավաքվեցինք քաղաքապետարանի մոտ, մեզ 3-ին 15 պակաս զանգեցին, ասացին՝ [թափառող կենդանիների ստերիլիզացման քաղապետարանի հայտարարած] տենդերը չի լինելու, մի եկեք: Բայց մենք էս երկու օրը իմացել ենք, որ տենդերը եղել է, և նորից շահել է «Յունիգրաֆը»»,-պատմել է նա:
Հիմնահարցով անհանգստացած քաղաքացիների հետ շփվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը: Ղևոնդյանի փոխանցմամբ՝ Հունանյանն ասում է, որ ընտանի կենդանիների համար հարկեր կա շատ երկրներում, և շատ բարձր հարկ, օրինակ, Իտալիայում:
«Այնտեղ [Իտալիայում] կետեր կան, որ գումարը գնալու է անօթևան կատուների և շների կացարանների բարելավման, կենդանիների վիրահատման, կերի համար: Իսկ մեզ չի ասվում՝ ոնց է սահմանվել հենց 5000 դրամ, ուր է գնալու այդ գումարը»,- ասել է Ղևոնդյանը: