Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ընդդեմ ՀՀ դատախազության բողոքը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը (լուսանկարում) հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անգործություն չի դրսևորել:
Փոստանջյանը դեռևս հունվարի վերջին նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության հետ կապված մի քանի դրվագով: Տասնօրյա ժամկետում պատասխան չստանալով՝ պատգամավորը դատարան էր դիմել՝ պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը:
Երեկվա դատական նիստին Փոստանջյանը ներկայացրել է բողոքի հիմնավորումը և պահանջները, մասնավորապես, քրեական գործ հարուցել հետևյալ հոդվածներով․
1. 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կողմից ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ,
2. Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի` արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմինների, ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ, քանի որ Վալերի Պերմյակովին, ըստ պաշտոնական տեղեկությունների, գտել են հայ֊թուրքական սահմանի մոտ:
Դատախազության ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանն իր խոսքում նշել էր, որ 235 հոդվածի հատկանիշներով քրեական գործ արդեն հարուցվել է։ Նա ասել է նաև, որ այս պահին քրեական գործը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, և եթե դրանց ուսումնասիրության ընթացքում հարկ առաջանա, ապա քրեական գործ կհարուցվի նաև 329֊րդ հոդվածով։
«Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի երկրորդ պահանջին, ապա գրության օրինակն ուղարկվել է քննչական ծառայություն նշված հարցը քննարկելու համար», ֊ ասել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ իրենք պատասխաններն ուղարկել են Զարուհի Փոստանջյանին։
Դատարանն այսօր բավարար է համարել դատախազության ներկայացուցչի բացատրությունը, մինչդեռ դիմող կողմը դժգոհ է եղել Պողոսյանի որոշումից։
«Մենք ասում ենք՝ թող էլի ուսումնասիրեն, բայց քրեական գործ հարուցեն: Ինչո՞ւ չեն հարուցում», – Epress.am֊ի հետ զրույցում ասել է Փոստանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Այժմ դիմող կողմը քննարկում է առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու հարցը։