Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ընդդեմ ՀՀ դատախազության բողոքի քննությունը։
Փոստանջյանը դեռևս հունվարի վերջին նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված մի քանի դրվագով:
Տասնօրյա ժամկետում պատասխան չստանալով՝ պատգամավորը դատարան էր դիմել՝ պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը: Այսօրվա դատական նիստին Փոստանջյանը ներկայացրել է բողոքի հիմնավորումը և պահանջները, մասնավորապես, քրեական գործ հարուցել հետևյալ հոդվածներով․
1. 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կողմից ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ,
2. Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմինների, ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ, քանի որ Վալերի Պերմյակովին, ըստ պաշտոնական տեղեկությունների, գտել են հայ֊թուրքական սահմանի մոտ:
Դատախազության ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանն իր խոսքում նշել է, որ 235 հոդվածի հատկանիշներով քրեական գործ արդեն հարուցվել է։ Նա ասել է նաև, որ այս պահին քրեական գործը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, և եթե դրանց ուսումնասիրության ընթացքում հարկ առաջանա, ապա քրեական գործ կհարուցվի նաև 329֊րդ հոդվածով։
«Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի երկրորդ պահանջին, ապա գրության օրինակն ուղարկվել է քննչական ծառայություն նշված հարցը քննարկելու համար», ֊ ասել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ իրենք պատասխաններն ուղարկել են Զարուհի Փոստանջյանին։
Վերջինիս ներկայացուցիչ փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ իրենք գրությունները չեն ստացել, քանի որ դրանք ուղարկվել են դատարան դիմելուց հետո, և ժամանակ է խնդրել դատախազության պատասխաններն ուսումնասիրելու համար։ Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է փաստաբանի խնդրանքը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով մարտի 3-ին, ժամը 14։00-ին։