Home / Տեսանյութեր / Բողոքի ակցիաներից հետո ԱԺ֊ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված տարբերակը

Բողոքի ակցիաներից հետո ԱԺ֊ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված տարբերակը

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, 6֊ը դեմ են եղել, 13՝ ձեռնպահ։

Համաձայն փոփոխությունների, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները 5 տոկոս հարկ կվճարեն չփաստաթղթավորված ապրանքների համար։ Նախկինում հարկը կազմում էր 3 տոկոս։ Այն ապրանքները, որոնք կիրացվեն հաշիվ֊ապրանքագրով, կհարկվեն 1․5 տոկոսով։

Բացի դա, շրջանառության հարկի համար նախատեսված նվազագույն շեմը սահմանվել է 113․4 միլիոն դրամ՝ նախկինում ամրագրված 58.3 միլիոնի դիմաց։

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները կատարվել են վերջին ամիսների ընթացքում փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաներից հետո։ Օրենքի նախկին տարբերակի համաձայն, բոլոր ապրանքները պետք է փաստաթղթավորվեին, ինչն անհատ ձեռներեցներն անհնար էին համարում՝ նշելով, մասնավորապես, որ խոշոր ընկերություններից շատերը հաշիվ֊ապրանքագրեր չեն տրամադրում։ Բացի դա, բողոքողները նշում էին, որ ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը:  

Լուսանկարում՝ ձեռներեցները բողոքում են ՀՀ կառավարության մոտ