Մարտի 5-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել 2013 թվականին ԼՂՀ֊ում զոհված զինծառայող Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի բողոքը, ով պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Մուրադյանը դատարանի որոշումը ստացել է երեկ: Վարույթ չընդունելը պատճառաբանվել է այն փաստով, որ հայրն ինքն էր կազմել բողոքը: Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենքի համաձայն՝ բողոքը պետք է ուղղվեր Վճռաբեկ դատարան փաստաբանի կողմից, ոչ թե տուժողի իրավահաջորդի:
Արման Մուրադյանի գործով դատավճիռը կայացվել էր Ստեփանակերտում՝ առանց տուժողի իրավահաջորդների մասնակցության և նրան տեղեկացնելու: Հովսեփ Մուրադյանը բազմիցս նշել է, որ չի վստահում նախաքննության առաջ քաշած որդու ինքնասպանության վարկածին, որը հերքել էր նաև ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Դատավճռի համաձայն, մայոր Էմիլ Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ծառայության ընթացքում պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան վիրավորելու և իշխանությունը չարաշահելու համար։
Քանի որ Մուրադյանը վճռի մասին ուշ էր իմացել, հնարավորություն չէր ունեցել 30-օրյա ժամկետում բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում: Կողմը դիմել էր դատարան՝ բողոքարկման ժամկետը երկարացնելու պահանջով, սակայն այդ պահանջը ևս մերժվել էր:
Արման Մուրադյանի ծնողները պահանջում էին իրենց որդու գործով դատական նիստերն անցկացնել Հայաստանի տարածքում, այլ ոչ թե չճանաչված ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս պահանջը մերժվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: Պաշտոնական բացատրության համաձայն, դատական նիստը անցկացվել է Սյունիքի մարզի դատարանի Ստեփանակերտի նստավայրում։