2013 թվականին ԼՂՀ֊ում զոհված զինծառայող Արման Մուրադյանի (պաշտոնական վարկածով ինքնասպանություն է գործել) ծնողները որդու գործով վճիռը դատարանից ստացել են դրա կայացումից մեկ ամիս անց, հետևաբար այժմ բողոքարկման հնարավորություն չունեն:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մուրադյանի ծնողների ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը: Նրա խոսքով՝ վճիռը ոչ միայն կայացվել է առանց տուժողի իրավահաջորդի ներկայության, այլև վճիռը նրան չի ուղարկվել:
Դատավճիռն արձակելու փաստի մասին տեղեկանալուց հետո զինծառայողի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, դիմել է դատարանին՝ խնդրելով իրեն ուղարկել վճիռը, ինչն էլ արվել է։
«Մենք վճիռը ստացել ենք այն օրը, երբ լրանում էր վճիռ բողոքարկելու վերջնաժամկետը: Հիմա մենք դիմել ենք դատարան այդ ժամկետը երկարացնելու պահանջով: Եթե դատարանը դա չհարգի, ապա կնշանակի, որ միայն ամբաստանյալի համար էր դատավճիռը, և տուժողը ոչ մի իրավունքներ չունի` բողոքարկելու դատավճիռը»,- ասել է Տիգրան Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում զոհված զինծառայող Արման Մուրադյանի ծնողները պահանջում էին իրենց որդու գործով դատական նիստերն անցկացնել Հայաստանի տարածքում, այլ ոչ թե ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս պահանջը մերժվել է:
Հովսեփ Մուրադյանը չի վստահում նախաքննության առաջ քաշած որդու ինքնասպանության վարկածին, որը հերքել էր նաև ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Նշենք, որ դատավճռի համաձայն, մայոր Էմիլ Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ծառայության ընթացքում պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան վիրավորելու և իշխանությունը չարաշահելու համար։