ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քաղաքացի Էմմա Սահակյանին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից hեռացրած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցել: Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը՝ նախագահականի դիմաց մոտ 3 տարի նստացույց անող Էմմա Սահակյանը: Ոստիկանները կնոջը բաժին էին տարել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Երևան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ օրը ոստիկանութունը 100֊ից ավել քաղաքացու բերման էր ենթարկել։ Կինը պնդում է, որ իրենց բերման են ենթարկել առանց պատճառի, ուժի կիրառմամբ։
Սահակյանն ասել է, որ ՀՔԾ քննիչը գործը վարել է խախտումներով. առերեսում չի կազմակերպել իրեն տեղափոխած բոլոր ոստիկանների հետ, այլ միայն երեքի, ովքեր միաձայն ասել են, թե կինը իր ցանկությամբ է ոստիկանական մեքենա նստել:
«Բոլորն ասեցին, որ ես իմ կամքով գնացել նստել եմ ոստիկանության մեքենան, որ իմ նկատմամբ բռնություն չի կիրառվել: Ես հրաժարվեցի այդ առերեսման արձանագրության տակ ստորագրել»,- ասել է Էմմա Սահակյանը:
Նրա խոսքով՝ քննիչը նաև հաշվի չի առել հեռախոսային զանգերի վերծանումները, վկաների ցուցմունքները այն մասին, որ Էմմա Սահակյանը պահվել է ոստիկանությունում ավելի քան 7 ժամ, և հաշվի է առել ոստիկանների արձանագրությունը, որտեղ նշված է 2 ժամ:
Կինը պատրաստվում է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել դատարանում:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ վաղ առավոտյան, մետրոյի կայարանի մոտից ուժով հեռացվել էր նաև նստացույց անող էջմիածինցի Աշոտ Խուդոյանի ընտանիքը։ Այդ փաստով քրեական գործ հարուցելը ՀՔԾ-ն ևս մերժել էր, իսկ Խուդոյանները մերժելու մասին որոշումը բողոքարկել են առաջին և երկրորդ ատյանի դատարաններում։ Դատարանները հայցերը չեն բավարարել և գործը չեն ուղարկել նախաքննության: Աշոտ Խուդոյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Եթե դատարանը վճռի, որ ոստիկանների գործողություններն ոչ իրավաչափ են եղել, Խուդոյանները կարող են փոխհատուցման պահանջ ներկայացնել: