Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ժամանակն է՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը սկսեն միասնական արժութային միության ստեղծման շուրջ բանակցությունները, հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք՝ ժամանակն է խոսել նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին», – Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ավարտին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նշենք, որ Պուտինի խոսքում չի հիշատակվել Հայաստանը, որը, ինչպես Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Եվրասիական միության անդամ է։ Աստանայում կայացած երեք երկրների նախագահների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չէր հրավիրվել։
«Ուս ուսի տված աշխատելով՝ ավելի հեշտ է արձագանքել ֆինանսա֊տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել մեր միացյալ շուկան»,֊ ասել է Պուտինը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության իրավական հիմքի ամրապնդմանն ուղղված ավելի քան հարյուր փաստաթղթերի ընդունում։
Նրա խոսքով, մասնավորապես, պետք է ընդունվի նոր Մաքսային օրենսգիրք, Էլէտրաէներգիայի, գազի, նավթի ու նավթամթերքների միասնական շուկաների ձևավորման հայեցակարգ։ Բացի դա, անհրաժեշտ է կնքել արժութա֊ֆինանսական ու սոցիալ֊տնտեսական ոլորտներում համագործակցությունը կարգավորող միջազգային պայմանագրեր։
Նշենք՝ ավելի վաղ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի հեռանկարին անդրադարձել էր «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը, մասնավորապես, նշելով․ «Եթե օրինակ բերենք ԵՄ-ում եվրոյին անցումը, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրների տնտեսությունը տասնամյակներ շարունակ տևած ինտեգրացիայի արդյունքում միայն հասան այն մակարդակին, որ անցեն միասնական արժույթին: Ընդ որում, անգամ այդ պարագայում դա անթերի չէր, ինչի վառ օրինակը Հունաստանի տնտեսության անկումն է:
Միասնական արժույթն ունի նաև մեկ այլ խնդիր. ԵՏՄ լոկոմոտիվ Ռուսաստանն այժմ տնտեսական սղաճ է ապրում, ինչի արդյունքում սարսափելի արագությամբ անկում է ապրում նաև ռուբլին (տարեկան շուրջ 200 տոկոս)»: