Բնապահպանները մտահոգված են, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ 9 սանտիմետրով նվազել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը։ Նա ընդգծել է, որ լճի մակարդակի իջեցումն օրենքով չի թույլատրվում։
Հովհաննիսյանը նշել է, որ հաշվեկշռի խախտումը կապված է այն փաստի հետ, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Սևանից ելքերն ավելացնել 70 միլիոն խմ֊ով։
«28 գետերը, որոնք լցվում են Սևանի մեջ, բերում են տարեկան 170 միլիոն խմ ջրի հոսք։ Այդքան էլ կարող ենք վերցնել, որպեսզի չունենանք բացասական հաշվեկշիռ», ֊ ասել է Քնարիկ Հովհաննիսյանը։
Բնապահպանը բացատրել է՝ հոսքերը մեծացնելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ Արարատյան արտեզյան ավազանն անխնա օգտագործվել է։ Այնտեղից կարելի էր վերցնել տարեկան 400 միլիոն խմ ջուր, սակայն վերցվել է 1 միլիարդ խմ։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բնապահպանների հետ հանդիպմանը ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանն ասել է, որ Արարատյան ավազանի 309 հորեր կամ փակվել են, կամ կոնսերվացվել։ Բնապահպաները հույս ունեն, որ այս և այլ զսպող գործողություններով ավազանի պաշարները քիչ֊քիչ կվերականգնվեն։
Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ջրի կորստի պատճառներից է նաև այն, որ ոռոգման համակարգը 30 տարուց ավելի չի վերանորոգվել։
«Չնայած մենք բոլորս գիտենք, որ, որպես այդպիսին, «ջրի կորուստ» ձևակերպման տակ թաքնված են կոռուպցիոն ռիսկեր», ֊ ասել է նա։