Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Վաղինակ Շուշանյանին 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ ներգրավելու համար անձ չհայտնաբերվելու հիմքով։
Այս մասին ասված է Կենտրոնի ոստիկանության քննիչ Գոռ Սիմոնյանի կայացրած որոշման մեջ, որն ուղարկվել է Շուշանյանին: Քննիչը նշել է, որ նախաքննության մարմինը կատարել էր բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողությունները։
Epress.am-ի հետ զրույցում Շուշանյանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունը դիմել էր Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի» ընկերությանը՝ պահանջելով տրամադրել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների նկարահանումները։ Ընկերությունից, սակայն, պատասխանել են, որ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել միջադեպը (19:30-ի սահմաններում), հոսանք չի եղել և տեսանկարահանում չի իրականացվել։
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը, իր հերթին, գրավոր հաստատել է ընկերության պնդումը։ Այս փաստը, սակայն, գործը կարճելու որոշման հիմքում ընկած չի եղել․ այդ մասին քննիչն է ասել Շուշանյանին։
«Ես այդ տարածքում էի աշխատում և ոչ մի տեղ լույս չի անջատվել», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Շուշանյանը։
Քննիչը նաև հարցաքննել է այն խանութի աշխատողներին, որտեղից Վաղինակը դուրս է եկել դեպքից րոպեներ առաջ։ Նրանք ասել են, որ դեմքեր չեն տեսել, նկատել են միայն, որ երկու հոգի փախնում են դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ, Շուշանյանի փոխանցմամբ, իր վրա հարձակված անձանցից մեկն ասել էր․ «Այ թուլա, էդ դո՞ւ էիր նախագահին երեկ քրֆում»: Դեպքից մեկ օր առաջ ՀՀ կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Շուշանյանը հայտարարել էր. «Ոստիկանության փոխգնդապետն ասել է՝ ով որ իմ նախագահին քրֆի, ականջները կկտրեմ: Թող գա, կանգնի ստեղ, ես իրա նախագահին էլ քրֆեմ, իրան էլ քրֆեմ ու հըլը տենամ կարա ականջներս կտրի»։ Վաղինակ Շուշանյանը նկատի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին, ով ասել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: