Թուրքիայում հունիսի 7֊ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հատկանշական են երկրում փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Նախորդ չորեքշաբթի՝ մարտի 18֊ին, ևս երեք թեկնածուներ՝ Թուրքիայի հայկական համայնքը ներկայացնող «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Ֆիլոր Ուլուքը (լուսանկարում՝ ձախից), Մուրադ Մխչին և Դիրեն Ջևահիր Շենը (լուսանկարում՝ աջից), հայտ են ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ցուցակում առաջադրվելու համար, հայտնում է Today's Zaman-ը։
Ավելի վաղ ԺԴԿ֊ից թեկնածու դառնալու հայտ էին ներկայացրել «Յեշիլքյոյ» հայկական դպրոցի գործադիր խորհրդի անդամ Կարո Փալյանը, Մուշի հայկական միության փոխնախագահ Նվարդ Բաքըրջըօղլուն և Դերիքում բնակվող երեք հայերից մեկը՝ Զեքերիա Սաբունջին։ Իսկ Թալին Էրգյունեշը միակ հայն է, ով հայտ է ներկայացրել ընդդիմադիր, քեմալիստական Ժողովրդական հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։
Ստամբուլում մարտի 18֊ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայազգի թեկնածուներից երեքը նշել են, որ ընդունակ են բարձրացնելու խնդիրներ, որոնք կարևոր են ոչ միայն թուրքահայ համայնքի համար, այլև՝ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների։ Օրինակ, թեկնածուներից Դիրեն Շենը որպես իրավաբան իր կարիերան սկսել է 2009 թվականին՝ մշտապես զբաղվելով կանանց իրավունքներին առնչվող հարցերով, ինչպես նաև՝ բնապահպանական խնդիրներով։ Նա նաև անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել բժիշկներին, որոնց դատում էին 2013 թվականին Գեզի այգու բողոքի ցույցերի ժամանակ տուժած ցուցարարներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ ԺԴԿ֊ի ու «Նոր զարթոնք»֊ի ակտիվ անդամ լինելուց բացի, նա նաև «Սոցիալիստական ֆեմինիստական միաբանության» ներկայացուցիչ է։
«Ներկայումս երկրում իշխում է մի կուսակցություն, որը ճնշում է մարդկանց, ովքեր արդեն ճնշված են։ Առաջին հերթին, իշխող կուսակցությունը հաշվի չի առնում կանանց։ Ահա թե ինչու մենք գտնում ենք, որ առաջիկա ընտրություններին կարևոր է ներկայացնել բոլոր մարդկանց»,֊ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շենը։
Ֆիլոր Ուլուքը խոսել է Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքները ներկայացնելու կարևորության մասին՝ նշելով, որ աջակցության կարիք ունեն ոչ միայն քրդերն ու հայերը, այլև՝ բոլոր ճնշվածները։1960 թվականին հայաշատ Սամաթիա թաղամասում ծնված Ուլուքը 90֊ականների ընթացքում եղել է մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Ժողովրդական աշխատավորական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության, և «Ազատություն և համերաշխություն» կուսակցության անդամ։
«Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ իշխող մոդելը հայրիշխանությունն է։ Ի լրումն որպես հայ ճնշված լինելուն, մենք նաև լռեցված ենք` որպես կանայք: Մեզ՝ կանանց, հիմնականում, նախ ներկայացնում են մեր հայրերը, ապա՝ ամուսինները»,֊ ասել է Ուլուքը։
Դիրեն Ջևահիր Շենն ընդգծել է, որ հայերի ձայնը ավելի լսելի է դառնում, ու իրենք հույս ունեն, որ այդ միտումը շարունակական կլինի։
«Խորհրդարանն այդ ձայնն արտահայտելու համար կարևոր վայր է, ու այս ընտրությունները լսելի լինելու լավ հնարավորություն են։ Սա Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց Թուրքիայի խորհրդարանի անդամ դառնալու խորհրդանիշ չէ միայն։ Մենք վստահ ենք, որ կկարողանանք կիսել մեր ձայնն ու մտահոգություններն այնտեղ»,֊ ասել է նա։