Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը՝ 02.00-ի սահմաններում, անհայտ անձիք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին ու նրա եղբորը՝ Հարություն Սամսոնյանին:
Դեպքի մանրամասները Epress.am-ին հայտնել է Նարեկի ընկեր Դանիել Իոաննիսյանը: Վերջինիս խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում։ Հարձակվողները մոտեցել են եղբայրներին և, առանց որևէ բառ ասելու, մահակներով ծեծի ենթարկել նրանց: Նարեկին հարվածել են նաև դանակով՝ ձեռքին: Երկուսն էլ ուղեղի ցնցում են ստացել:
Նարեկի գլխին 12 սանտիմետր կտրվածք կա, իսկ Հարությունի մոտ համեմատաբար փոքր՝ դրվել է 2 կար: Իոաննիսյանի խոսքով՝ շտապ օգնությունը ժամանել է ահազանգից 40 րոպե անց, մինչ այդ Հարությունը կորցրել էր գիտակցությունը:
Փաստի առթիվ Ոստիկանությունում կատարվում է քննություն:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ֊ն հիմնադրվել է 2012 թվականին։ Կազմակերպությունը նշում է, որ զբաղվում է ուսանողության և երիտասարդության իրավունքների ու շահերի պաշտպանությամբ: