Home / Տեսանյութեր / ՏՄՊՊՀ նախագահն ԱԺ֊ում պաշտպանում էր մենաշնորհ ունեցող պատգամավորի բիզնեսը

ՏՄՊՊՀ նախագահն ԱԺ֊ում պաշտպանում էր մենաշնորհ ունեցող պատգամավորի բիզնեսը

Հայաստանում շաքարավազի ներկրման մենաշնորհ չկա, իսկ «Ալեքս Գրիգ» ընկերությունը (պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին-խմբ.) գերիշխող դիրք ունի, քանի որ հումք է ներկրում և շաքարավազն արտադրում է Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

«2015թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանը Ձեզ վերանշանակեց. այդ օրվա դրությամբ Երևանում շաքարավազն արժեր 395 դրամ, իսկ Թբիլիսիում` 262 դրամ: Ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ ՀՀ-ում շաքարավազ ներկրում է մեկ անձ, ու դա ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք արդյոք, թե ի՞նչ կապ ունի այս փաստը Սերժ Սարգսյանի 2014 հունվարի 29-ին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման հետ: Երբ այդ օրը նրան հարցրել են` ինչո՞ւ է շաքարը ՀՀ-ում մեկ մարդ ներկրում, ասել է` բա ի՞նչ եք ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն: Պարոն Շաբոյան, Դուք ասում եք` պետք է պայքարենք պետական հովանավորչության դեմ, որ պետությունը մենաշնորհներ չտա: Էդ դեպքում ո՞նց հասկանանք սա»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Շաբոյանն ասել է, որ խնդիրը բացարձակապես տնտեսական հարթության մեջ է գտնվում, իսկ Նիկոլ Փաշինյանի հարցը անհեթեթ է և անիմաստ:

««Ալեքս Գրիգ» ընկերությունը հումք է ներմուծում և տեղում արտադրում է շաքարավազ: Երկրի ներսում արտադրելն ավելի ձեռնտու է, և ավելի շահավետ։ Որպեսզի երկրորդ ընկերությունը լինի այս ոլորտում, երկրորդն էլ պետք է արտադրի տեղում: Իսկ շաքարավազն արտադրվում է մեծ գործարանում, մեծ ներդրումներ է իրականացվել, ավելի շատ է արտադրում, քան պահանջարկն է, որոշ ժամանակահատվածում գործարանը չի աշխատում: Երկրորդ՝ նման գործարանի հիմնումը տնտեսագիտորեն անտրամաբանական է, քանի որ այն գործարանը, որը կա, մեծ հզորություններ ունի»,- ասել է Շաբոյանը:

Նա հավելել է, որ իրենց հանձնաժողովի խնդիրն է ստուգել՝ արդյոք Հայաստանում ներկրման խոչընդոտներ կան, և ինքը վստահ կարող է ասել, որ նման խոչընդոտներ չկան՝ ոչ հումք, ոչ շաքար ներկրելու համար:

Փաշինյանը հակադարձել է Շաբոյանին՝ նշելով, որ նայում է ՏՄՊՊՀ նախագահին և հասկանում՝ ինչքան անիմաստ ու անհեթեթ են իրեն նշանակողները: