Ինչպե՞ս է վերջին երեք տարում մրցակցության մթնոլորտը փոխվել Հայաստանում: Այսօր ԱԺ֊ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս հարցին խնդրել է պատասխանել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին (լուսանկարում)։
Վերջինս ասել է, որ որևէ տնտեսվարող չի կարող ասել, թե երբևէ դիմել է հանձնաժողովին, և հանձնաժողովը խնդրի լուծման հարցում հետևողական չի եղել:
Շաբոյանն ընդգծել է, որ իրենց աշխատանքի վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ ավելացվել են պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումները. եթե մինչև 2010 թվականը կայացվում էր այդպիսի 20-30 որոշում, ապա հիմա՝ 200:
Նույնը վերաբերում է տուգանքներին և դատական գործերի թվին: Հակադարձելով՝ Բագրատյանն ասել է, որ հարկ վճարողները տարեց տարի պակասում են, բիզնես վարողների թիվը 5 տարվա կտրվածքով նվազել է 30 տոկոսով:
«Հասկացանք, որ գնում եք ստուգեք, հլը ու չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»,- ասել է Բագրատյանը:
Շաբոյանն անդրադարձել է այն դիտարկմանը, թե որոշ ոլորտներում տնտեսության կենտրոնացվածություն է նկատվում: Պաշտոնյան, սակայն, դա խնդիր չի համարում:
«Մրցակցության պաշտպանության մարմինները պայքարում են ոչ թե խոշոր ընկերությունների դեմ, այլ՝ չարաշահումների: Այո, կան ոլորտներ, որտեղ ունենք տնտեսության կենտրոնացվածություն, մենք վերջերս փորձեցինք պարզել՝ արդյոք խոշոր ընկերությունները մրցակցություն են սահմանափակում, մուտքի խոչընդոտներ են ստեղծում: Այո, պարզվեց, որ խոշոր ընկերություններն առավելություններ ունեն միջին և փոքր ընկերությունների նկատմամբ, սակայն նաև պարզվեց, որ այդ առավելություններն օբյեկտիվ բնույթ ունեն, տնտեսագիտորեն հիմնավորված են»,- ասել է Շաբոյանը:
Ըստ Շաբոյանի՝ խոշոր ընկերությունների առավելությունները հիմնավոր են, քանի որ նրանք մեծ քանակով են ապրանք գնում՝ հենց արտադրողից: Ավելին, հաշվի առնելով շրջափակումը և Հայաստանում ապրանքի տեղափոխման խնդիրը, խոշոր ընկերությունների տրանսպորտային ծախսերը մեկ միավոր ապրանքի համար ավելի քիչ են:
«Այո, սպառման ոլորտում էլ են առավելությունների տիրապետում, ունեն մեծ ֆինանսական միջոցներ, անում են մեծ քանակի գովազդային և մարկետինգային ծախսեր, հետևաբար խոշոր ընկերություններն ունեն օբյեկտիվորեն մրցակցային առավելություն»,- ասել է Շաբոյանը: