Արտակ Շաբոյանը վերանշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, սակայն դա ոչինչ չի փոխի, քանի որ այդ ոլորտում ոչինչ տեղի չի ունենում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը։ Նա ընդգծում է, որ Շաբոյանը լավագույնս պաշտպանում է Հայաստանի տնտեսությունը ցանկացած մրցակցությունից։
Լրագրողը, մասնավորապես, օրինակ է բերում շաքարավազի շուկան, որտեղ մրցակցությունն իսպառ վերացված է․ շաքարավազը Հայաստան ներկրում է միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, իսկ վերջինիս մենաշնորհը պաշտպանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Գևորգյանը նշում է, որ հարևան Վրաստանի սուպերմարկետներում շաքարավազի 1 կիլոգրամը վաճառվում է 1 լարի 15 թեթրիով, այն է՝ 260 դրամով, մինչդեռ Հայաստանում շաքարավազն արժե 395 դրամ։
«Շաքարավազն այն ցուցիչն է, որով կարելի է չափել՝ Հայաստանում կա՞ տնտեսական մրցակցություն, թե ոչ։ Եթե հարևան երկրներում շաքարավազը 50 տոկոսով ավելի էժան է, բայց ոչ մեկի մտքով «չի ացնում» այդ էժան շաքարավազը բարձել բեռնատարը, 200 կիլոմետր քշել, այստեղ էժան գնով վաճառել ու միլիոններ վաստակել, ուրեմն Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա, և Արտակ Շաբոյանին կարելի է ոչ թե 5, այլ մի 500 տարով նշանակել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ», ֊ նշում է Գևորգյանը։
Որպես մենաշնորհը պաշտպանող ևս մեկ օրինակ հոդվածագիրը նշում է այն, որ ԵՏՄ֊ին անդամակցելիս ՀՀ կառավարությունը նույնիսկ չի փորձել բանակցել շաքարավազի ներկրման համար արտոնյալ մաքսատուրքեր ստանալու շուրջ, և հիմա ոչ ԵՏՄ երկրներից բոլոր շաքարավազ ներկրողները ստիպված կլինեն 80 տոկոս մաքսատուրք վճարել։
«Բոլորը, բացի Սամվել Ալեքսանյանից, որը վճարել և վճարելու է 0 տոկոս, իբր շաքարի հումք է ներկրում, որն ազատված է մաքսատուրքից», ֊ գրում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում