Կիրակի օրը 1։2 հաշվով պարտվելով Ալբանիայի ընտրանուն Էլբասան քաղաքում՝ Հայաստանի հավաքականը գրեթե կորցրեց Եվրո-2016֊ի եզրափակիչ փուլի ուղեգիր վաստակելու հույսերը։ Այս պահին հայաստանցիները I խմբում վերջին տեղն են զբաղեցնում 1 միավորով՝ 6 միավոր զիջելով 3-րդ տեղում հանգրվանած ալբանացիներին։
Նման արդյունքի և, ամենակարևորը, նման խաղի գնահատականը մեկը կարող է լինել՝ անբավարար, ինչը, սակայն, մեկ մարդու կամ մեկ գործոնի վրա բարդելը սխալ կլիներ։
Հայաստանի հավաքականի մարզիչ Բերնար Շալանդի հասցեին քննադատությունները գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո եղել են և հիմնականում տեղին են եղել։ Սակայն մարզչի արածի ու չարածի համար պատասխանատվությունը կիսում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Դեռևս անցյալ տարի Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ դժգոհ է մարզչից, ապա նրան աշխատանքը շարունակելու հնարավորություն տվեց։ Այս տարվա մարտին էլ հայտարարեց, որ, հնարավոր է, Ալբանիայի հետ հանդիպումն անհաջողության դեպքում վերջինը կլինի մարզչի համար։ Ինչ կտրուկ փոփոխությունների էր սպասում Ռուբեն Հայրապետյանը, դժվար է ասել, ամեն դեպքում՝ փոփոխություններ չեղան, Հայաստանի ընտրանին նույն անդեմ, պաշտպանողական ֆուտբոլը խաղաց։ Եվ հիմա արդեն հստակ կարելի է ասել՝ աշխատանքից ազատելու որոշումը կարող էր արդարացված լիներ, եթե դա արվեր նախորդ տարի, ու այդ դեպքում ձմեռային ամիսներին նոր մարզիչ ընտրելու հնարավորություն կլիներ։ Դա չարվեց, և այսօր արդեն Շալանդի լինելը կամ չլինելը էականորեն ոչինչ չի փոխում։
Շալանդի ամենամեծ խնդիրն այն էր, որ նա այս ընտրական փուլում ոչինչ չկարողացավ կամ չցանկացավ փոխել։ Բացառությունը Սերբիայի ընտրանու հետ խաղն էր, երբ չկային առաջատար ֆուտբոլիստները, ու մարզիչը փորձեց առավելագույնը քամել եղածից։ Շալանդն այդ խաղում ստիպված էր տարբերակներ փորձել, ինչ֊որ նոր բան մտածել, ու գոնե որակի առումով խաղը հաջողված կարելի է համարել։ Մյուս խաղերում, երբ նրա տրամադրության տակ առաջատար ֆուտբոլիստները կային, մարզիչը փոփոխությունների հնարավորություն չէր տեսնում կամ վախենում էր տեսնել։ Որպես հետևանք՝ 3 պարտություն արտագնա խաղերում։ Գուցե, մարզիչը չէր կարողանում ազատվել իր վրա եղած ճնշումից, բայց մարզչական գործի առաջատար մասնագետները գիտաժողովներին կրկնում են, որ ժամանակակից ֆուտբոլում մարզչի առաջին գործն է ճնշմանը դիմակայելը, ու հաղթում է նա, ով բոլորին, այդ թվում՝ անմիջական ղեկավարներին, թելադրում է խաղի իր կանոնները։
Ալբանիայի ընտրանու հետ խաղում Բերնար Շալանդը չէր տեսնում կամ չէր ցանկանում տեսնել այն, ինչը տեսնում էր նրա իտալացի գործընկերը՝ Ալբանիայի հավաքականի մարզիչ Լուիջի դե Բյազին։ Երբ Հովհաննես Համբարձումյանը ստացավ իր առաջին դեղին քարտը, ալբանացիները սկսեցին գնդակը հնարավորինս հաճախ տեղափոխել հարձակման ձախ եզր, որտեղ գրոհները դիմավորում էր մեր աջ պաշտպան Համբարձումյանը։ Ճնշումը մեծ էր, կիսապաշտպաններից օգնությունը ոչ միշտ էր հասնում, ու երկրորդ դեղինը ստանալու հավանականությունն էլ մեծ էր։ Շալանդը փոփոխություն կատարեց, սակայն Կամո Հովհաննիսյանին խաղադաշտ մտցրեց ոչ թե Համբարձումյանի, այլ Մանուչարյանի փոխարեն (ում, թերևս, նույնպես պետք էր փոխարինել)։ Որպես հետևանք՝ Համբարձումյանի երկրորդ դեղինը չուշացավ։ Փոփոխությունների խնդիրը մեկն է ձախողումների ամբողջ շարքում, և ոչ ամենավերջինը։ Մինչև խաղի ավարտը դաշտում մնացին, օրինակ, Մովսիսյանը և Մարկոսը, որոնց օգտակար գործողության գործակիցը երկրորդ խաղակեսում մոտենում էր զրոյի։ Ռուսլան Կորյանի խաղադաշտ դուրս գալն էլ ուշացավ։
Իսկ մարզչի ամենամեծ խնդիրն այն էր, որ հանդիպման մեկնարկին խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը, խոշոր հաշվով, այլևս ֆուտբոլ չխաղաց՝ շարունակելով միայն պաշտպանվել։ Ու անկախ Հովհաննես Համբարձումյանի հեռացումից, Ալբանիայի ճնշումը, հավանաբար, գոլով կամ գոլերով կավարտվեր։ Հայաստանցիների գոլը, կարծես, խառնեց Շալանդի խաղաքարտերը, ու նա այլևս ծրագիր չուներ, որովհետև խուլ պաշտպանությունն արտագնա խաղում ժամանակակից ֆուտբոլում ծրագիր համարվել չի կարող։
Ֆեդերացիայից ու մարզչից զատ, սակայն, մեղավոր կողմը նաև ֆուտբոլիստներն են։ Լճացման վիճակը, որը բնորոշ էր 90-ականներին և դարի սկզբին, կարծես, վերադառնում է։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր մշտապես հայտնվելու են հիմնական կազմում՝ անկախ մարզավիճակից։ Եվրո-2016-ի ընտրական փուլը, որը, ինչպես սպասվում էր, պետք է դառնար Հայաստանի ընտրանու հասունացած առաջատարների աստեղային ժամը, վերածվեց ձախողման։ Դժվար է հստակ սահմանել՝ ինչ է կատարվում Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն եթե առաջատար համարվող ֆուտբոլիստը խաղի սկզբում 1 դրական գործողությունից հետո մնացած ժամանակի ընթացք ում կատարելապես ձախողվում է, դա մտորելու լուրջ առիթ է։ Համաձայն uefa.com֊ի հրապարակած պաշտոնական վիճակագրության՝ Մխիթարյանը 35 փոխանցումից 22-ն է ճշգրիտ կատարել՝ 70%֊ից ցածր ցուցանիշ։ Առաջատար համարվող ֆուտբոլիստի համար դա անընդունելի է, հատկապես եթե հաշվի առնել, որ երբեմն Մխիթարյանը սխալվում էր ամենապարզ իրավիճակներում։ Մխիթարյանը միակը չէր, ոչ բավարար խաղային վիճակում էին նաև Մովսիսյանն ու Մարկոսը։
Լճացման խնդրի լուծումն ամենակարևորներից է, ու ժամանակն է հիմնական կազմի համար պայքարի իրական հնարավորություն ստեղծել, ավելի շատ վստահել երիտասարդներին, նորեկներին, ընդունել «Խաղում է նա, ով այս պահին ավելի շատ է պատրատ ու ավելի շատ է ցանկանում» սկզբունքը։ Նման հնարավորություն ներկայիս ընտրական փուլն արդեն ընձեռել է․ երբ փաստացի իրավիճակը փրկել հնարավոր չէ, նախընտրելի է հիմնական կազմում նոր անուններ տեսնել։